Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանրապետության նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:
Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաև Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության և բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:
Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ և պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, և վստահեցրել է, որ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց լեզուն հայ ճարտարապետության նման է՝ գեղեցիկ ու դաժան. Եվգենի Կիսին
- Եվգենի Կիսին. Թուրքիայում ելույթ չեմ ունենա
- Աշխարհահռչակ դաշնակահար Կիսինն ու «Հովեր» կամերային երգչախումը` «Քարնեգի հոլ»-ում
- Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը պահել է հայերին տված խոստումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին