Լրագրողները պաշտպանության կարիք ունեն. Սաթիկ Սեյրանյան
Լրագրողներն այսօր Հայաստանի ժուռնալիստների միության նորընտիր նախագահ Սաթիկ Սեյրանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է տարիներ առաջ անդամագրվել «մեռած» կառույցի, արդյոք ինչ-որ պահի դրա նախագահը դառնալու նպատակով:
«Հակառակը ո՞րն է, ոչինչ չանե՞լ: Եթե ինչ-որ բան կարող եմ անել, ավելի լավ է՝ անեմ: Այլապես ոչ մի բան չպիտի անենք»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ պետք է կույր լինել՝ չտեսնելու միության բազմաթիվ խնդիրները:
Ներկաները Սաթիկ Սեյրանյանից նաև հետաքրքրվեցին՝ որո՞նք են ըստ նրա Ժուռնալիստների միության ամենացցուն խնդիրները:
«Նախ, պետք է լուծել արհմիությունների խնդիրը: Լրագրողները պաշտպանության կարիք ունեն: Պետք է նպաստել, որպեսզի պրոֆեսիոնալ լրագրողներն անընդհատ մասնագիտական դասընթացներ անցնեն: Պետք է համալսարան-պրոֆեսիոնալ լրագրողներ կապն ակտիվացնել: Պետք է կամ փաստաբանական որոշ ընկերությունների հետ պայմանավորվել կամ ունենալ հատուկ իրավաբան, որը կարձագանքի լրագրողների հետ տարբեր միջադեպերին՝ ճնշումներ, սպառնալիքներ, դատական հայցեր և այլն: Կան լրագրողներ կամ խմբագրություններ, որոնք իրենց չեն կարող թույլ տալ պաշտպանել սեփական լրագրողին: Միությունը կարող է այդ գործառույթն իր վրա վերցնել»,- նշեց նորընտիր նախագահը:
Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ, եթե որևէ կառույց չունի հեղինակություն և հասարակության շրջանում հարգանք չի վայելում, չի կարող որևէ բան փոխել: «Հետևաբար, ես բոլորին կոչ եմ անում միանալ, համախմբվել՝ հասկանալու ինչ կարող ենք անել»,- ասաց նա:
Նորընտիր նախագահը կարևորեց նաև միջազգային ծրագրերի շրջանակներում արտասահմանցի գործընկերների հետ փորձի փոխանակման, դասընթացների և վերապատրաստման անցկացման հանգամանքը:
Ինչ վերաբերում է Ժուռնալիստների միության մարդկային ռեսուրսների վերագնահատմանը և նյութական գույքագրմանը, ապա, Սաթիկ Սեյրանյանի խոսքով, կանոնադրության համաձայն՝ միությունը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, նույնիսկ բաժնետոմսեր գնել և ծառայեցնել կանոնադրական նպատակների:
«Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է նախ հասկանալ՝ ինչ ունենք, ովքեր կան, ովքեր են մնացել, ովքեր են ուզում միավորվել: Ես չեմ ուզում, որ չորրորդ իշխանությունը ներկայացնող այս կարևոր օղակը խնդրողի դերում լինի: Ես ուզում եմ, որ մենք պահանջ ներկայացնենք, որովհետև մենք չորրորդ իշխանություն, ազդեցություն ունեցող լծակ ենք»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ համագումարի թեժ, ոչ հարթ ընթացքը հաշվի առնելով՝ ինքը հետագայում խոցելի լինի, իրեն մեղադրեն հակասական պայմաններում միության նախագահ ընտրվելու հարցում, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Ավելին ասեմ, չի բացառվում, որ ինքս կրկին համագումար հրավիրեմ՝ նոր կանոնադրությամբ»:
Նշենք, որ Ժուռնալիստների միության համագումարի ավարտին տեղի ունեցավ միության վարչության նոր կազմի ընտրություն:
Վարչության անդամների թեկնածուներ ընտրվեցին Նաղաշ Մարտիրոսյանը, Ֆահրադ Ափուջափյանը, Ռոլանդ Շառոյանը, Գրիգոր Ջանիկյանը, Զավեն Խաչիկյանը, Արտյոմ Երկանյանը, Զռա Արամյանը և Մարիետա Մակարյանը:
Առաջադրված թեկնածուներից Վարդևան Գրիգորյանը միության վարչության անդամ չընտրվեց: Նրա օգտին քվեարկեց ընդամենը մեկ մարդ, 54-ը դեմ էին, ձեռնպահ էր ևս մեկ անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը
- Ժուռնալիստների միության համագումարն ընթանում է բավականին լարված մթնոլորտում
- Աստղիկ Գևորգյան. Ում համագումարը կընտրի, նրան էլ կշնորհավորեմ