Բակո Սահակյանը՝ ժողովրդի պարծանքի մասին
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում:
«Այսօր մենք կարող ենք փաստել՝ մեր հանրապետությունն ունի ձևավորված սպորտային դպրոցներ, որոնք պատրաստ են լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ, և մեր հաղթանակները դրա վառ օրինակներից են: Առողջ, ֆիզիկապես ուժեղ, կիրթ, նպատակասլաց և հայրենասեր երիտասարդությունը մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, մեր երկրի և պետության հուսալի պաշտպանը, նրա բնականոն զարգացման և զորացման ամենամեծ ներուժը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանը մաղթել է բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ՝ հավելելով, որ այն ուշադրությունը, որը դարձվում է պետության կողմից մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, այսուհետ ևս կկրի մշտական և շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում