2018-ին պետք է կարողանանք լինել նախաձեռնող և սցենարներ մշակել. Թևան Պողոսյան
Տարին ամփոփելիս ավելի հեշտ է խոսել կորուստների մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Արցախում հասե՞լ ենք մեր ուզած լուծմանը՝ ոչ, Ցեղասպանությունը դատապարտվե՞ց աշխարհի բոլոր երկրների և Թուրքիայի կողմից՝ ոչ, Հայաստանը դարձա՞վ գործընկեր և գլոբալ խաղացող՝ ոչ:
Հաջողություններից միակը, որի մասին կարելի է ուրախությամբ նշել, Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումն է, բայց ասել, թե դա համարենք վերջնական նպատակին հասնել, պրիմիտիվ կլինի, որովհետև մի բանի տակ որ ստորագրում ես, դրան պետք է կյանք տաս»,- ասաց նա:
Ըստ Պողոսյանի՝ 2018-ը պետք է լինի այն տարին, որ Հայաստանը պետք է այն դիվանագիտությունը վարի, որ ԵՄ անդամ բոլոր երկրները շատ արագ իրենց մոտ վավերացնեն պայմանագիրը, դրա հետ մեկտեղ Հայաստանում սկսեն իրագործումը, և այն պետք է լինի որակով՝ ներքին խնդիրների համար: Բանախոսը նշեց՝ պետք է հասկանալ՝ որքանով ենք կարողանում մեր առջև դրված նպատակները կյանքի կոչելու գործիքներ ձևավորել:
Պողոսյանը կարևորեց Հայաստան-Վրաստան համագործակցությունը, նշեց, որ պետք է ուրախանալ, երբ ունենանք այնպիսի արդյունքներ, որ միայն Վերին Լարսի հույսին չենք մնում, կան նաև այլ ճանապարհներ:
«Արցախյան հիմնախնդրում պետք է գիտակցենք, որ 2018 թ. կոչվելու է նաև ընտրությունների տարի, ինչը նշանակում է, որ մի կողմից՝ ունենալու ենք հանդիպումների իմաստով գուցե ինչ-որ չափով ակտիվ տարի, բայց նաև գիտակցենք, որ ընտրությունների ժամանակ գործողություններ դժվար են լինելու: Եվ Ռուսաստանում է ընտրություն, Ադրբեջանում, Հայաստանում էլ դասական իմաստով ընտրություններից չեն, ԱԺ-ում ընտրություն է, բայց այս ամենն ազդելու է տեմպերի և թեմաների վրա: Գուցե լինեն մեսիջներ, բայց իրականում չեմ հավատում, որ կլինի առաջընթաց, անգամ պետք է պատրաստ լինենք տարբեր սրացումների»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով՝ կարևոր է, թե Մերձավոր Արևելքում ինչ քաղաքականություն է վարելու Հայաստանը: Նա ցավով նշեց, որ ունակ չեղանք պահպանելու հայկական Սփյուռքը ոչ Իրաքում, ոչ Սիրիայում, այս պարագայում մեր ազդեցություններն այնտեղ ավելի շատ իրավիճակային են., պետք է ուշադրություն դարձնել՝ ինչ զարգացումներ են Երուսաղեմում կամ Լիբանանում, պետք է գիտակցենք, որ այնտեղի ցանկացած սրացում ունենալու է իր ազդեցությունը Հայաստանի վրա, ուստի պետք է կարողանալ էլի չքնել, լինել նախաձեռնող և սցենարներ մշակել: