ԱԱԾ-ն հաստատում է. Կանխվել է ԻԼԻՊ-ի հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրացու մուտքը. Aravot.am
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հաստատել են Aravot.am-ի տեղեկությունները, որոնց համաձայն, մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ Հայաստան մուտք գործելու փորձը:
«ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»,-ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են Aravot.am-ին:
Ըստ աղբյուրի, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:
Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
ԱԱԾ-ից նաև հայտնել են, որ Հայաստանի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների ներթափանցումը նախականխելու նպատակով Ազգային անվտանգության մարմիններն ակտիվ համագործակցում են այլ պետությունների գործընկեր ծառայությունների հետ: