Պետք է ամեն ինչ անենք, որ պառլամենտական կառավարման բոլոր հնարավորություններն օգտագործենք. Մ. Մինասյան
«2017 թվականը մեր երկրում բնութագրվեց որպես կայունացման ժամանակահատված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մկրտիչ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարության ձևավորումից հետո՝ 2017 թվականի նախաշեմին ասվեց, որ երկրի տնտեսությունը չափազանց ծանր է, իսկ տարվա վերջում տնտեսությունը վարչապետի կողմից գնահատվեց որպես կառավարելի։
«Կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են առաջիկա տարիների համար, կիրականացվեն և առաջիկա երեք տարիներին կունենանք ոչ միայն կայունացման տենդենցներ, այլև զարգացման»,- նշեց Մինասյանը։
ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդականն անդրադառնալով 2018-ին, ասաց. «Գալիք տարում նշվելու է մեր անկախ պետականության ստեղծման 100-ամյակը, մայրաքաղաքի 2800-ամյակը, ինչպես նաև մոտ 85 երկրներ պետք է մասնակցեն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Այս միջոցառումներին պետք է արժանավայել պատրաստվենք։ Ես ոչ միայն անուղղելի լավատես եմ, այլև իրատես եմ, ես համոզված եմ, որ 3-5 տարուց հետո մենք ունենալու ենք ավելի դինամիկ զարգացող երկիր։ Պետք է ամեն ինչ անենք, որ պառլամենտական կառավարման բոլոր հնարավորություններն օգտագործենք ի փառս մեր հանրապետության»։
Անդրադառնալով Հանրապետության նախագահի՝ Վրաստան կատարած այցին, Մինասյանն ասաց. «Չէի կարծում, որ Վրաստանում այդպես կմտածեն, բայց փառք աստծո, որ իրենք է ել ընկալում, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Արևմուտքի և Արևելքի հարաբերություններն ավելի սերտացնելու համար»։