Հայ-վրացական հարաբերությունները բոլոր ուղղություններով դրական զարգանում են. Շարմազանով
Հայ-վրացական հարաբերությունները բոլոր ուղղություններով դրական զարգանում են: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս Վրաստան կատարած պաշտոնական այցին:
Ըստ նրա՝ տնտեսական և քաղաքական լուրջ հնարավորություններ կան հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժը զարգացնելու համար:
«Ես կարծում եմ, որ սա բացառիկ այց էր, և Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք եղբայր ժողովուրդներ ենք: Ես կարծում եմ՝ թե հայերը, թե վրացիները իրավունք չունեն մոռանալ, որ հայ-վրացական միացյալ զորքերը միասին ազատագրել են Անին, ազատագրել են պատմական Վրաստանի և պատմական Հայաստանի շատ տարածքներ: Հայաստանը և Վրաստանը թև-թևի տված պայքարել են հանուն հզոր Հայաստանի և հզոր Վրաստանի: Այսօր էլ մենք ունենք շատ լավ հիմք՝ զարգացնելու համար մեր եղբայրական, բարեկամական հարաբերությունները»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքով՝ թեև Հայաստանն ու Վրաստանը ունեն արտաքին քաղաքական տարբեր կուրսեր, դա չի խանգարելու զարգացնել բարեկամական հարաբերությունները. «Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, բայց չկա որևէ հարց, որը հնարավոր չէ չլուծել հայ-վրացական բարձր բանակցությունների միջոցով: Երկու կողմից էլ կա և ցանկություն, և քաղաքական կամք զարգացնել բարեկամական հարաբերությունները»:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում մեծ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դերը: Նա կարևորեց նաև խորհրդարանական մակարդակում հայ-վրացական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը, երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև դեսպանությունների ինտենսիվ աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան