ՓՄՁ ԶԱԿ-ը 2017-ին աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և մյուս հոգաբարձուներին ներկայացրել են հաշվետվությունը և հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:
2017 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքներով՝
81 սկսնակ և գործող ՓՄՁ-ների տրամադրվել է շուրջ կես միլիարդ դրամի վարկային երաշխավորություն, որոնցից 9-ին՝ ՀՀ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում:
Աջակցության արդյունքում 81 ՓՄՁ ներգրավել է շուրջ 1.1 մլրդ դրամի սեփական ներդրում: Հիմնվել և ընդլայնվել են բազմաթիվ հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, չրերի արտադրություններ, կաթի վերամշակման արտադրամասեր, և այլն: Իսկ բոլորովին վերջերս Վայոց Ձորի Գոմք համայնքում, բացվել է ձիարշավարան, որը հանդիսանում է նաև զբոսաշրջային կենտրոն:
Ըստ հաստատված գործարար ծրագրերի, նախատեսվում է ստեղծել շուրջ 330 նոր աշխատատեղ, որոնցից մոտ 50%-ն արդեն ստեղծվել է:
Նշվում է նաև, որ 11 շահառու ստացել են դրամաշնորհներ՝ սարքավորումների տեսքով:
Ուսուցողական աջակցություն է ստացել 710 սկսնակ գործարար և ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչ: Այդ թվում՝ 464 սկսնակ ձեռնարկատեր մասնակցել է Հայաստանի 10 մարզերում իրականացված, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» 31 ծրագրի և ստացել իրատեսական գործարար ծրագիր կազմելու համար անհրաժեշտ գիտելիք: 264 շահառուների էլ տրամադրվել է տեխնոլոգիական աջակցություն՝ չրագործության, պանրագործության, մշակաբույսերի պատվաստման, սննդի անվտանգության և հիգիենայի, ջերմոցների կառուցման, շահագործման և այլ ոլորտներում:
Շուրջ 4700 սկսնակ և գործող ՓՄՁ-ների էլ այս տարի տրամադրվել է տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ավելի քան 10000 անգամ:
Ինչ վերաբերում է միջազգային համագործակցությանը, ապա ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում իրականացվել է 11 ենթակառուցվածքային ծրագիր, որոնցից կօգտվեն 26 համայնքների բնակիչներ:
Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում էլ շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը: Արևաշատ համայնքում ֆերմերները վերանորոգված ջրագծի շնորհիվ կրկին հնարավորություն կունենան մշակելու սեփական հողերը, ինչը մինչև այդ չէին կարողանում անել ոռոգման բացակայության պատճառով: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար: Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի:
Հաշվետվության համաձայն՝ Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կավելացնի բնակիչների եկամուտները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական սպասարկման մեկ գրասենյակ: Բերդ համայնքին տրամադրվել է հացահատիկահավաք կոմբայն:
Ծրագրի ջանքերով Ենոքավան համայնքում բացվել է նաև զբոսաշրջային կենտրոն և ստեղծվել է համայնքի զարգացման ռազմավարությունը:
Բացի, այդ իրականացվել են բրենդավորման և շուկայում առաջ մղման մի քանի միջոցառումներ:
2017թ-ին նաև բնապահպանական ծրագրեր են իրականացվել Զորական,Բերդավան և Բագրատաշեն համայնքներում: