ԱՆ. Նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները
Վերջին տասնամյակում Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 45%-ի:
Երեխաների առողջության և սնուցման ոլորտում նման ցուցանիշների ապահովմանը մեծապես նպաստել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը։
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության», «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի» և «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի» համատեքստում իրականացված հիմնական միջոցառումներն ուղղված են նորածնային ծառայությունների հզորացմանը, առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը, բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև երեխաների սնուցման բարելավման հարցերով հանրային իրազեկմանը։
Ըստ աղբյուրի, առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող ավելի քան 450 բուժաշխատող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ վերապատրաստվել է տնային այցերի ընթացքում երեխայի հուզահոգեբանական զարգացման և խնամքի վերաբերյալ ծնողներին խորհրդատվության տրամադրման և ընտանիք-բուժաշխատող կապի ամրապնդման հարցերով:
Տնային այցերի համակարգի բարելավման շրջանակում շեշտադրվել է նաև կրծքով կերակրման և երեխաների սնուցման բարելավման ապահովումը։ Այդ նպատակով իրականացվել են բուժաշխատողների վերապատրաստման, առողջության առաջնային պահպանման օղակում ծնողական կրթության շարունակական համակարգի ձևավորման և տարբեր գործիքներով հանրային իրազեկման ապահովման գործողություններ:
Երեխաների առողջության բարելավմանը և մանկական մահացության կրճատմանը միտված այս համագործակցությունը շարունակական է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
- Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են. փոխնախարար
- Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ
- «13 տոկոսով կարելի է կրճատել մանկական մահացության թիվը, եթե ուժեղացվի կրծքով սնուցման խրախուսումը»
- Հայաստանում թերաճ երեխաների թիվն ավելացել է. Նրանք հատկապես շատ են գյուղերում
- Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել