Հայաստանում 2018-ին «ուտելու» գիրք է հրատարակվելու
Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքությունն աճել է, սակայն դեռ հեռու է ցանկալիից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նա դրական տեղաշարժ համարեց գրքի փառատոնը, նշեց, որ այնտեղ երիտասարդներ էին, սակայն քիչ էին ծնողները՝ երեխաների հետ: Մարտիրոսյանը նշեց, որ միտք կա՝ դպրոցներում վաուչերներ վաճառելու, դրանք կկրկնապատկեն հրատարակիչները, հետո երեխաները դրանք կկարողանան փոխանակել գրքի հետ:
Հրատարակչությունը այս տարի վեցերորդ անգամ անցկացրել է հայաստանյան դպրոցական ընթերցման օլիմպիադա: Սա, ըստ տնօրենի, ընթերցանության մակարդակի բարձրացմանը միտված միակ միջոցառումն է, որը, ցավոք, այս տարի ևս ֆինանսավորում չստացավ: Մարտիրոսյանը նշեց՝ այս տարի լույս տեսան բիզնես դաշտի գրքեր, մյուս տարի մոտ տասը անուն գրքի տպագրություն է սպասվում, նաև՝ Աճեմօղլուի՝ « Ինչու՞ են ձախողում պետությունները» գրքի հրատարակությունը: Այն երևի լույս կտեսնի փետրվարին:
Մարտիրոսյանը խոսեց մանկական գրքերի մասին, «100 հեքիաթ» շարքից ժամանակակից դիզայնով մանկական գրքեր կան՝ թե ինչ պիտի ընթերցեն երեխաներն արձակուրդներին, հանրագիտարանի քսան հատոր կա արդեն: Նա ներկայացրեց երկու յուրատեսակ փաթեթ, դրանցից մեկը ցույց է տալիս մարդու մարմինը, ինչպես է այն գործում, այնտեղ բացի գրքից, կա նաև փազլ՝ դա առաջին կրթական փազլն է: Երկրորդ՝ «Թատրոն» գիրքը բազմաշերտ բեմ է, գրքում առակ-ներկայացում է:
«Էվրիկա» շարքում մարդիկ են, ովքեր փոխել են աշխարհը, կան նաև ժամանակակիցներ, այդ կերպ երեխային հասկացնում են՝ նա կարող է լինել հաջորդը: Հրատարակչությունն ունի նաև զգայարաններ ներկայացնող գրքեր՝ ձայներով գրքեր, թռչող, պարող, այս տարի առաջին անգամ ունեն շոշափելու գրքերի օրինակներ, դրանում կարելի է շոշափել կենդանիների մորթին, փղի մաշկը, ունեն հոտավետ գրքեր, այս տարի մեկ այլ նորություն է լինելու՝ Ուտելու գիրք, այն կկարդան և կուտեն:
Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այս տարի լուծեցին Հայաստանում Մարկեսի հրատարակման օրինականացման խնդիրը, Փամուկի ևս երկու գրքեր հրապարակվեցին, նաև հավատարիմ մնացին ավանդական գրականությանը՝ երկու տարբերակով հրատարակվեց «Մատյան ողբերգությանը»:
«Այս տարի վերջապես արտաքին գովազդային վահանակի վրա սկսեցին գովազդվել մեր հեղինակները, ցավոք, Խանջյանի գրքերը քննարկելու փոխարեն հասարակությունը սկսեց քննարկել Խանջյանի դոշի մազերը՝ ինչ որակով է, ինչ հաստության: Կարևորն այն է, որ խոսեն, թե ինչ կխոսեն՝ կարևոր չէ: Արտաքին գովազդի վրա այսօր կարող եք տեսնել գիրք, դա Հայաստանում երբեք չի արվել, ծախս չի արվել, գրքի գովազդը արվում է մի քանի անգամ թանկ, քան գրքի տպագրությունը: Այստեղ հասարակության, լրատվամիջոցների օգնության կարիքը կա»,- ասաց նա:
Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ այս տարի վերահիմնել են «Հայ գիրք» ասոցիացիան, վարչապետին նամակ են գրել իրենց առջև ծառացած խնդիրների մասին: Նրա համոզմամբ՝ գրքի առջև պիտի հարկային դռներ բացվեն, սակայն անգամ գրադարանների բարելավում չի կատարվում ոչ մի անգամ, շատ համայնքային գրադարաններ են փակվել, դրանց առջև խոտ է աճում, մարդիկ չեն այցելում, այդ գրադարանները պետք է վերածվեն մեդիակենտրոնների:
«Պետպատվերը նույն եղանակներով է, պետությունը մրցակցում է հարկատուի հետ: Ես հրատարակչությունների առնվազն 17 անուն եմ ներկայացրել Մշակույթի նախարարին, որ այս քսանհինգ տարիներին ոչ մի գիրք չեն տպագրել, բայց մի քանի տասնյակ միլիոններ են ստանում»,- ասաց նա:
Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք մոդել են առաջարկել՝ գյուղական բնակավայրերում անհրաժեշտ գրքերի հրատարակության, գրքերի, որոնք կօգնեն գյուղացուն, կդառնան նրա ընկերը, ասենք՝ բույսեր աճեցնելու պայմանների և այլնի մասին, կամ՝ ինչպես կուլ չգնալ բանկերին: Մարտիրոսյանը նշեց, որ կրթական և մանկապատանեկան գրքերի հրատարակումները ցույց են տալիս՝ երեխաները պատրաստ են խոսել աշխարհի լեզվով, շփվել աշխարհի հետ, առանց սահմանների աշխարհում ապրել, սակայն ուսուցիչները նրանց չեն օգնում, դասագրքերը չեն նպաստում, որ երեխան հետագայում ցանկանա գիրք կարդալ: Նրա խոսքով՝ թե գրքի նյութերը պետք է փոխվեն, թե մատուցման ձևը:
«Հայաստանում սկսում է շատ ավելի քիչ գիրք տպագրվել, գրքերը գնում են՝ տպագրվելու Թուրքիայում և Չինաստանում: ԵԱՏՄ-ի հետ կապված նաև մաքսատուրքեր ավելացան գրքի տարբեր տեսակների, տպանյութի վրա, այն մոտ 30-35 տոկոսով թանկացավ, 25-30 տոկոս էլ այստեղ տրանսպորտն է թանկ, այսինքն՝ մոտ 70 տոկոսով հումքը թանկանում է Հայաստանի տպարանների համար, իսկ եթե Թուրքիայում տպես, բերես Հայաստան, զրո տոկոս հարկ է լինում, գիրք տպողին պետք է հնարավորություն տրվի, որ նա այլ երկրի տնտեսության մեջ ներդրում, չանի: Այս խնդիրը կա, լավ տեղյակ են, բայց ոչինչ չեն անում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան