Ալթունյան. Վստահ եմ, որ կկարողանանք առողջապահական մեր համակարգը դարձնել ավելի լավը
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մաղթում է, որ 2018-ը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատակիցներին, ազգաբնակչությանը:
Տոներ, որ ավանդաբար առիթ են դառնում հետահայաց գնահատել անցնող տարում արված ու չարված գործերը, նոր հույսեր կապել գալիք տարվա հետ։
2017-ին իրականացրած բազմաթիվ ծրագրերի թվում մենք կարողացանք հիմքեր նախապատրաստել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված բնակչության պատշաճ բժշկական օգնությունը գալիք տարում մատչելի դարձնելու համար։
2018-ը կնշանավորվի նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի նոր հնարավորություններով, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումով, ինչը մեծապես կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը։ Վստահ եմ, որ բժիշկների հետ ակտիվ համագործակցությամբ կկարողանանք առողջապահական մեր համակարգը դարձնել ավելի լավը։
Երախտիքի առանձնահատուկ խոսքերս ուղղում եմ ռազմական բժիշկներին, ովքեր գիշեր ու զօր պատասխանատվություն են կրում երկրի անառիկությունը պահող մեր զինվորների առողջության համար, մեր բազում բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա նվիրումով ու յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ սրտացավ վերաբերմունքով պայքարում են բնակչության կյանքի և առողջության համար։
Բարեմաղթանքներս հղում եմ նաև Արցախում և Սփյուռքում ապրող մեր բուժաշխատողներին, հայրենակիցներին։
Մաղթում եմ, որ 2018 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։ Թող բոլոր ընտանիքներում, բոլորի հոգիներում թևածի սերն ու երջանկությունը»,-ասված է նախարարի ուղերձում: