«Գրիգոր Զոհրապ» գորգն ավելի քան 100 տարվա օտարությունից հետո եկել է հայրենիք
Հայկական գորգի ազգային կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է գորգի թանգարանի առաջին և շատ սպասված ցուցանմուշը՝ «Գրիգոր Զոհրապ» գորգը: Կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել եռք բերել և Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակություն ունեցող գորգը:
«Գրիգոր Զոհրապ» գորգը խորհրդանշական ձեռբերում է Հայկական գորգի թանգարանի համար. այն ամփոփում է հայ ժողովրդի պատմության մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողությամբ: Գրիգոր Զոհրապը մեծ գրող էր, հրապարակախոս, ժամանակի լավագույն իրավաբաններից մեկը, հասարակական-քաղաքական գործիչ, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության զոհ:
Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է, և որքան էլ հայկական գորգարվեստը տարբեր է իր գույներով, զարդանախշերով, խորհրդանիշերով, մոտիվներով, այնուամենայնիվ առանձնանում է իր ուրույն ձեռագրով: Այս բազմազանության մեջ հետքրքրական են դիմանկարային գորգերը:
Դիմանկարային գորգի եզակի նմուշ է Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծված գորգը, որը փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից:
Հայոց ցեղասպանության տարիներին գորգը կորսվել է, այնուհետև գտնվել է արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում: 2017 թ. գարնանը գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ “Mossgreen” ընկերության կողմից: Գորգն առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը և աշխարհագրությունը: Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին հաջողվեց գնել գորգը և նվիրաբերել Հայկական գորգի թանգարանին: Պատկերագորգն, իհարկե, ընդգրկվելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
Սեբաստիայի հայկական գորգագործության պատմությանն առհասարակ կանդրադառնանք հետագա հրապարակումներում: Այդ գորգերը հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի բնորոշմամբ աշխարհում ամենագեղեցիկն էին ու ամենանուրբը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին