Նոր բացահայտում. ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը հասավ ԼՂ հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլտերին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալների շրջանակներն ընդլայնվում են։ Այս անգամ սկանդալի կենտրոնում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, ով բավական հայտնի է Հայաստանում իր հակահայկական ու պրոադրբեջանական դիրքորոշմամբ ու ներգրավված է «Խավիարային դիվանագիտության» զեկույցի մեջ։ Ռոբերտ Ուոլտերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակն էր, որը, բարեբախտաբար, 4 ձայնի տարբերությամբ տապալվեց ԵԽԽՎ-ում։
Ուոլտերի գործունեությունը, ինչպես բացահայտել է «Եվրոպական կայունության նախաձեռնությունը», միայն պրոադրբեջանական, պրոթուրքական գործունեությամբ չի սահմանափակվել ԵԽԽՎ-ում, որն ուղղված էր մեղմել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատությունները, Ադրբեջանի իշխանությունների պաշտպանությանը, ընտրությունների լեգիտիմացիային և այլն։
Ուոլտերը կաշառվել է նաև Մակեդոնիայի նախկին իշխանությունների կողմից։ Բրիտանացի պատգամավորն անգամ պայմանագիր է կնքել մակեդոնացիների հետ 2016թ-ի հոկտեմբերին ու ամսական ստացել 7000 եվրո։ Ուոլտերի այս գործունեության արդյունքը չի սահմանափակվել միայն խորհրդատվական համարվող ԵԽԽՎ զեկույցների վրա ազդելով, այլ ունեցել է իրավական ազդեցություն։
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին ընտրում են ԵԽԽՎ պատգամավորները՝ ներկայացված 3 թեկնածուներից։ Պարզվել է, որ Ուոլտերն ազդել է Մակեդոնիայի դատավորի ընտրության վրա ու անցկացրել կառավարության կողմից աջակցություն ունեցող թեկնածուին, որի թեկնածությանը հավանություն չէր տվել ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը։
Այս բացահայտումը կարևոր նշանակություն կունենա ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող արտաքին մարմնի աշխատանքներում, որի գործունեությունը երկարացվել է մինչև 2018թ․-ի ապրիլ։
Ուոլտերը ԵԽԽՎ պատգամավոր էր մինչև 2015թ․-ի նոյեմբեր, սակայն նրան կարելի էր տեսնել Ստրասբուրգում մանդատի ավարտից հետո ԵԽԽՎ գրեթե բոլոր նստաշրջանների ժամանակ: Բրիտանացին շարունակում իր լոբբիստական աշխատանքը՝ հույս ունենալով, որ իր անունը չի հայտնվի կոռուպցիայի թիրախում։ Այժմ արդեն Ուոլտերը հետաքննության թիրախում է, որը, հուսանք, կբացահայտնի նաև, թե քանի միլիոն է նա ստացել Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանքի համար։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում կոռուպցիոն պնդումները հետաքննելու համար նշանակվել են արտաքին հետաքննության մարմնի հեղինակավոր անդամներ
- Նոր բացահայտումներ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության՝ ներառյալ տխրահռչակ Ուոլտերի ճոխ ծախսերի մասին
- Ի՞նչ կատարվեց ԵԽԽՎ-ում․առանց ֆատալիզմի և ուռա-հայրենասիրության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին