Սննդագետ. Ինչպես սնվել ամանորին չգիրանալու համար
Ամանորի առատ, տարատեսակ ուտեստներով լի սեղանների առկայության պայմաններում դժվար է խուսափել գիրանալուց ու ավելորդ կալորիաներից:
ԳԱԱ Էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին թեթև սնվել: Պետք է այնպես սնվել, որ քնելուց 5-6 ժամ առաջ օրգանիզմ չներթափանցեն ալրային հենքով մթերքներ ու ածխաջրածիններ:
«Առավոտվա ու ցերեկվա սննդակարգը պետք է տարբերվի երեկոյան սննդակարգից: Մասնավորապես, եթե չեք ցանկանում մեծ կալորիաներ հավաքել, ապա երեկոյան ժամերին պետք է շատ օգտագործել կանաչեղեն, սեղանին դնել ոչ միայն թթվասերով համեմված, այլև կանաչիով պատրաստված աղցաններ: Ի դեպ, ռեստորաններում այս մշակույթն արդեն կա»,-Panorama.am-ի հետ զրույցում նշում է նա:
Պիպոյանը բացատրում է՝ կանաչեղենը պարունակում է չլուծվող թաղանթանյութ, որը շատ օգտակար է աղիների համար, բացի այդ զերծ է ավելորդ կալորիաներից: Երեկոյան ժամերին տոքսիկացիոն երևույթները բացառելու համար ցանկալի է հայկական ավանդական սպաս կամ էլ ցածր յուղայնությամբ կեֆիր օգտագործել:
«Պետք է հիշենք, որ առավել շատ կալորիաներ պարունակում է չարազեղենը, հատկապես, երբ այն զուգորդված է չամիչի հետ, որը շաքար է պարունակում: Գիրանալուց խուսափելու համար պետք է նվազեցնել նաև ալրային հենքով սննդի օգտագործումը»,-ասում նա:
Սննդագետը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ հնդկահավի, հավի մսին, պանրին, կանաչեղենին:
«Խոզի բուդն էլ այս առումով շատ հարմար է, քանի որ երեկար եփելուց ճարպը հալվում է, մնում է փափկամիսը: Նոր տարվա մեր խնդիրներն առաջանում են դեսերտի սեղանից: Բոլոր հյուրերին անկախ այն բանից, թե օրվա որ ժամն է, մենք առաջարկում ենք չարազեղեն, խմորեղեն: Իսկ դրանք իրենցից ներկայացնում են շատ ծանր ուտելիքներ, քանի որ մեծ քանակությամբ կարագ, ընկուզեղեն է օգտագործվում»,-բացատրում է մասնագետը:
Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս էկլերը, մեղրատորթն ու թխվածքի այլ տեսակներ համնտեսել նախաճաշին, երբ սոված եք: Դա թույլ կտա խուսափել խնդիրներից:
«Հավատացեք, որ սխալ համադրություններն են «համը հանում»:
Նա խորհուրդ է տալիս աղցանները քիչ պատրաստել, հիշեցնում է, որ դրսում եղանակը տաք է, սառնարաններում էլ տեղ չի լինելու:
«Անցած տարի օրինակ, երբ տոլման կամ այլ ուտելիքներ դնում էինք դրսի պատշգամբում, սառցախցիկի ռեժիմ էր ապահովում, իսկ այս տարի դրսում 0-ից բարձր ջերմաստիճան է, իսկ դա ուտելիքը պահելու առումով խնդրահարույց է»,-հիշեցնում է նա:
Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա մասնագետը խորհուրդ չի տալիս օրվա ընթացքում օգտագործել տարբեր ծագման ու տարբեր ալկոհոլային աստիճան ունեցող խմիչքներ՝ օրինակ, օղի, շամպայն, գինի, կոնյակ:
«Դա օրգանիզմի համար շատ բացասական ազդեցություն է ունենում: Չի կարելի համադրել հատկապես օղին ու գինին: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս Նոր տարվա օրերին օգտագործել հայկական չոր անապակ գինի, որովհեև այն ալկոհոլի ցածր տոկոս ունի ու հակաօքսիդանտների մեծ պարունակություն, ինչը թույլ կտա շատ չգիրանալ»,-ասում է Դավիթ Պիպոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետը քաղաքացիներին հորդորում է միս առնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հոտին
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Սննդագետ. Երեխաներին փոքրուց մի սովորեցրեք շաքարին
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան