Առաջին անգամ ես մեծ ակնկալիքներ չունեմ կառավարությունից. Թաթուլ Մանասերյան
2017 թվականը չօգտագործված հնարավորությունների, ակնկալիքների առումով էլ չիրականացված տարի էր։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը հիասթափված է նաև կառավարության այն մոտեցումից, որ տարիներ շարունակ ցուցաբերում է գիտության ոլորտի հանդեպ։ «Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը շատ փոքր է՝ ՀՆԱ-ի 0.28 տոկոսը։ Առաջին անգամ ես մեծ ակնկալիքներ չունեմ կառավարությունից, եթե ուզում ենք հաջողության հասնել, ապա պետք է արմատապես փոխել կառավարումը, տնտեսության զարգացման ծրագրերը նախանշելիս պետք է հանձնառությունն իրենց վրա վերցնեն բանիմաց կառույցներ, այլ ոչ թե այնպիսի պատեհապաշտներ կամ ոչ բանիմաց մարդիկ, որոնք մի քանի մղոն հեռու են, որպեսզի հասկանան Հայաստանի ներկա իրավիճակը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Անդրադառնալով 2017 թվականին գրանցված տնտեսական աճին՝ տնտեսագետն ասաց, որ այդ աճին նպաստել են արտաքին դրական ազդակները, ուստի կառավարությունը դա իրեն չպետք է վերագրի և ասի, որ դա իրենց հետևողական ջանքերի շնորհիվ է եղել. «Նման բան չկա, ավելին, կարծում եմ, որ գյուղերի բռնի խոշորացման և նման ոչ ողջամիտ քայլերի հետևանքով Հայաստանը գնալով սուզվում է տնտեսական սպառնալիքների մեջ»։
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը պետք է դադարի անընդհատ կենացների մակարդակով ասել, որ գիտությունը, մտավոր կարողությունը, գիտատար ճյուղերն իր համար կարևոր են։ «Նման բաներ այլևս չպետք է ասվի, կես տոկոս ֆինանսավորում տալուց, նման քաղաքականություն գիտության հանդեպ վարելուց հետո ընդհանրապես պետք է լռել։ Իսկ եթե իսկապես ուզում են գիտություն զարգացնել, նախ պետք է պահանջարկված լինի գիտական միտքը, պետք է օգտագործել հայության մասնագիտական կարողությունները, իսկ այդպիսի հզոր կարողություն մենք ունենք տարբեր մասնագիտությունների գծով»,- ասաց տնտեսագետը։
Մինչդեռ, ըստ նրա, Կառավարությունը շարունակաբար չնկատելու է տալիս այդ ամբողջ պոտենցիալը և թիրախավորված ինչ-որ բաներ է անում, որոնք երբեք ոչ մի օգուտ չեն բերում տնտեսությանը։
«Պետք է համակարգային մոտեցում, իսկ պատահական մարդկանց բերելով կառավարություն, չեմ կարծում, որ կարող է ինչ-որ բան ստացվել։ Մինչդեռ լուրջ կենսափորձ ունեցող մարդկանց, այդ թվում՝ բարձր գիտելիքներ ունեցող երիտասարդների մասնագիտական կարողություններն անտեսվում են։ Եթե նրանց պահանջարկը չլինի, ապա լուրջ առաջընթաց չենք ունենա»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան