Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
Վերջին օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման և ուղորդման վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցավ սոցիալական մեդիան, որը կարելի է ասել ստանձնեց բողոքի ցույցերի առաջնորդի դերը, քանի որ որպես այդպիսին բողոքի ցույցերը որևէ քաղաքական ուժի կողմից չէր առաջնորդվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Իրանի հասարակության 50 տոկոսը կազմում են երիտասարդները, ըստ պաշտոնական տվյալների՝ նրանք 30 տարեկանից ցածր են, իսկ հասարակության միջին տարիքային ցուցանիշը 31-է: Բնակչության 80 տոկոսն օգտվում է բջջային հեռախոսներից, իսկ 50 տոկոսն ունի ինտերնետային հասանելիություն, հետևաբար, երիտասարդության 80-95 տոկոսն օգտվում է ինտերնետից՝ համապատասխանաբար ակտիվ ներգրավված է հասարակական զարգացումներին:
Հենց սոցիալական մեդիայի միջոցով էր, որ քաղաքացիներն արագ ինքնակազմակերպվում և գրեթե միաժամանակ բողոքի ցույցեր էին կազմակերպում մեծ ու փոքր քաղաքներում:
Ինչ վերաբերում է ավանդական մեդիային՝ ապա այս հարցում իրանական ԶԼՄ-ները, չհաշված նախագահին մոտ գնտվող մի քանի օրաթերթերից ու կայքերից, թերացան երկրում տեղի ունեցող զարգացումներն օբյեկտիվ լուսաբանելու հարցում, և ստեղծված իրավիճակից լավագույնս օգտվեցին դրսից ղեկավարվող լրատվամիջոցները:
Իրանի հասարակության մեջ ներկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, և ներկայիս հասարակությունն էականորեն տարբերվում է 10 տաս տարի առաջվա հասարակությունից: Հետևաբար հենց այդ փոփոխությունները հաշվի առնելով էլ, մեծ հաշվով իշխանությունները ձեռնպահ մնացին այն քայլերից, որոնք իրականացվեցին 2009թ.:
Չնայած, եթե Ռուհանիի փոխարեն լիներ այլ ղեկավար, գուցե իրադարձություններն ավելի բացասական ընթացք ունենային: Ի վերջո Իրանում առկա տնտեսական խնդիրների մեղավորը ոչ թե Ռուհանին է, այլ Մահմուդ Ահմադինեժադը, բնական է, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած նախագահից հասարակության պահանջներն ավելի մեծ էին լինելու, բայց դա արդեն քննարկման այլ թեմա է, որը կապված է ոչ միայն ներքին խնդիրների ու Ռուհանիի հնարավորությունների ու ցանկության հետ, այլ այստեղ մեծ ազդեցություն ունեն նաև տարածաշրջանային զարգացումներն ու դրանց՝ Իրանի պարտադրված ներգրավվածությունը»,- գրում է իրանագետը։
Նշենք, որ Իրանի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են ընթանում։ Ցուցարարները հիմնականում սոցիալական հարցեր են բարձրացնում։ Բողոքի ցույցերին քաղաքացիների և ուժայինների բախումների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում, իրավապահներ: Իրանական իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են ավելի քան 450 ցուցարարների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում