2017-ը՝ հեռանկարների տարի
2017 թվականը Հայաստանի համար կարելի է բնորոշել ոչ թե հաջողության, այլ ավելի շուտ՝ հեռանկարների տարի։ Նման բնորոշման հիմք է ծառայում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը։ Այն շարքային համաձայնագիր չէր՝ ոչ իր նշանակությամբ, ոչ էլ հնարավոր հետևանքներով։ Համաձայնագիրը հեռանկար ստեղծող փաստաթուղթ էր։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ ամփոփելով անցնող տարին:
Ինչ վերաբերում է 2017-ին գրանցված ներքաղաքական կարևոր իրադարձություններին, մեր զրուցակիցն առանձնացրեց հատկապես ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները։
«Դրանք, սակայն, կատարյալ հիասթափություն առաջացրեցին։ Ընտրությունները հանվեցին տոտալ վաճառքի, և սա Հայաստանում անպատկերացնելի բան էր։ Խորհրդարանական ընտրույթուններն անպատկերացնելի կերպով դեգրադացրեցին հասարակությանը և երկրում առկա մթնոլորտը։ Ցավոք, պտուղները տեսնում ենք խորհրդարանում՝ որակի առումով։ Բայց ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը կարծես փակում է խոռոչը, իհարկե՝ ոչ լրիվ չափով։ Այն, համենայնդեպս, հեռանկար ստեղծեց, որ մթնոլորտն էականորեն փոխվի»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Անդրադառնալով 2018-ի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու հայկական կողմի հայտարարություններին՝ վերլուծաբանը նկատեց, որ այդ փաստաթղթերն անցյալի բեռ են, որոնցից պետք է հնարավորինս շուտ ազատվել։
«Իշխանությունն ինքն է այս խնդիրը ստեղծել Հայաստանի համար և ինքն էլ փորձում խնդիրը հայտարարել։ Հարցն այդ տիրույթում է»,- ճշգրտեց մեր զրուցակիցը։
Իսկ ինչ սպասելիքներ կարելի է ունենալ 2018-ից, հետաքրքրվեցինք վերլուծաբանից։
Նրա կարծիքով, վաղ է մտածել, որ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ազդեցությունն արդեն հաջորդ տարվանից տեսանելի կլինի։
«Բայց լուրջ, նախապատրաստական տարի է։ Հիմքեր դնելու տարի է։ Եթե հինքերը ճիշտ դնենք, շենքն էլ ճիշտ կբարձրանա և հակառակը։ 2018-ը շատ կարևոր և վճռորոշ տարի է նաև նոր կառավարություն ունենալու առումով։ Թե ինչ կառավարություն կձևավորվի, դրանից էլ մեծապես կախված կլինի՝ ինչպիսի հիմքեր կդրվեն։ Կառավարությունում պետք է լինեն նոր դեմքեր։ Բարեփոխիչների, համարձակ գաղափարների և ծրագրերի կառավարություն է պետք, այլապես իրատեսակն չէ, որ բերեն, նոր դեմքերի դնեն և ասեն՝ իրենք բարեփոխումներ են անելու»,- ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան