Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ չեմպիոն մեծացնելու մասին
Չեմպիոն մեծացնելը մեծագույն աշխատանք է: Սրանում համոզված է Մարինա Տաշչյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը: Չեմպիոնի մասին ռեպորտաժ է պատրաստել «МИР 24» հեռուստաալիքը: Շատերին է հուզում հարցը՝ փոքրիկ Հայաստանում ծնված այս տղան ինչպե՞ս է հասել այդպիսի բարձունքների:
Նրան կոչում են հայկական հավաքականի մայր, նախորդ ամառ նա մրցանակ ստացավ և դարձավ «Տարվա հայուհի»՝ հայրենական ֆուտբոլի զարգացման համար: Մարինա Տաշչյանին այս սպորտաձևի հետ կապողը թե աշխատանքն է, թե ողջ կյանքը: Հայտնի հարձակվողի այրին, հայտնի կիսապաշտպանի մայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բաժիններից մեկն է ղեկավարում:
«Հենրիխն ընտանիքի երկրորդ երեխան էր: Հայրիկիս կորցնելուց երեք ամիս անց ծնվեց Հենրիխը: Հորս մահից հետո ես շատ ճնշված էի: Հենրիխը լցրեց այդ դատարկությունը: Նրան կոչել ենք հորս անունով»,- պատմում է Մարինա Տաշչյանը:
Մի քանի տարի անց ընտանիքին նոր հարված էր սպասվում: Մահացավ Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը: Վերջին տարիներին նա խաղում էր Ֆրանսիական «Վալանս»-ում: Նրա ծանր հիվանդության պատճառով ընտանիքը վերադարձավ Հայաստան:
«Շատ դժվար էր՝ միայնակ մնալ երկու երեխաների հետ: Ինձ թվում էր՝ կյանքը կանգ է առել ինձ համար»,- հիշում է Մարինան:
Երբ Հենրիխը դարձավ յոթ տարեկան, մայրը նրան տարավ մարզադպրոց: Երեխաների համար մարզվելու պայմանները ներկայում շատ ավելի լավն են, քան այն ժամանակ, սակայն անկախ պայմաններից՝ Հենրիխի համառությունն ու աշխատասիրությունը օրինակելի էին և արդյունք տվեցին:
14 տարեկանում պատանի Հենրիխը պրակտիկա անցավ բրազիլական ակումբներից մեկում: Մի քանի տարի անց ուկրաինական «Շախտյոր»-ի կազմում դարձավ ռեկորդակիր՝ խփած գոլերի թվով: Հենրիխի մայրն ու քույրը միշտ նրա կողքին էին:
«Ես կարծում եմ՝ սպորտում ամենակարևորն ընտանիքն է: Ես գիտեմ Հենրիխին, մարզվել եմ նրա հոր հետ, ճանաչում եմ Հենրիխի մորը: Այլ կերպ չէր կարող լինել, Հենրիխը պետք է հասներ այս բարձունքներին»,- ասում է մարզիչ Հայկ Կիրակոսյանը:
Հենրիխ Մխիթարյանն այսօր ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող է, Անգլիայի Սուպերգավաթակիր և Գերմանիայի Սուպերգավաթի կրկնակի հաղթող: Հայրենիքում՝ Հայաստանում, նա լավագույն ռմբարկու է ճանաչվել: Իր խփած ամեն մի գոլը Հենրիխը նվիրում է մորն ու քրոջը:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը հետևում է իր երկրպագուների սկսած ֆլեշմոբին
- Ուզում եմ զբաղվել մի բանով, որով կօգնեմ երեխաներին. Հենրիխ Մխիթարյան
- ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում
- «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մարզակոշիկ է խաղարկում