Բակոյան. Խոշորացման արդյունքում Հայաստանում կմնա 120-140 համայնք
«ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ խոշորացման գործընթացն ավարտվելու է 2019 թվականին: Արդյունքում համայնքների թիվը մոտավոր հաշվարկով կլինի 120-140»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը:
Հիշեցնենք, որ անցնող տարում՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 34 փնջերում ընդգրկվել է թվով 325 համայնք: Բակոյանի խոսքով, վերջին խոշորացումից հետո Հայաստանում կա 502 վարչատարածքային միավոր:
«Առաջիկայում խոշորացվելու են 8 մարզերի (բացի Սյունիքի և Վայոց ձորի) դեռևս չխոշորացված համայնքները: Փնջերի կազմը դեռևս քննարկման փուլում է. մշակված նախագիծ չկա»,-ասաց բաժնի պետը:
Խոշորացումը բացասաբար է անդրադարձել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության վրա: Այսպես, մինչ խոշորացումը 2016-ի տվյալներով Հայաստանի 793 համայնքներից 17-ը կանայք էին ղեկավարում, նոյեմբերի 5-ից հետո 502 համայնքներից միայն 7-ի ղեկավարներն են կանայք: Կանանաց թիվը նվազել է նաև ավագանիների կազմում: Այսպես, ավագանու 983 թեկնածուներից 49-ը կանայք էին, նրանցից 24-ն են ընտրվել:
Հարցին, թե նախարարությունն ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության խթանման համար, Բակոյանը պատասխանեց.
«Բացատրական և կազմակերպչական: Այդ ուղղությամբ ավելի արմատական փոփոխություններ ակնկալվում է իրականացնել ավագանու՝ համամասնական ընտրակարգով ձևավորմանն անցման ընթացքում, ինչը նախատեսվում է խոշորացման գործընթացի ավարտից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք
- ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներ. Դաշնակցականը հաղթել է ԲՀԿ-ականին
- Խոշորացված 34 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
- Կին թեկնածուներից միայն մեկն է ինքնաբացարկ ներկայացրել
- «Համայնքների խոշորացումը բերելու է դպրոցների ոչնչացման». քննարկում
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
- Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը