Ավելուկով աղցան, սպաս… Ինչպես բեռնաթափել օրգանիզմը տոներից հետո
Ամանորին տարատեսակ ուտելիքներով օրգանիզմը ծանրաբեռնելուց հետո պետք է անցնել թեթև սննդակարգի: Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց, որպեսզի օրգանիզմը սթրեսի չենթարկվի, կարևոր է ճիշտ ու հավասարաչափ սնուցումը:
«Օրգանիզմին չի կարելի թողնել` 5-6 օր որակրամոլությամբ զբաղվել, հետո սոված պահել»,-ասաց նա:
Բեռանթափումը պետք է սկսել հնարավորինս շուտ` չերկարացնելու համար ճարպակալման պրոցեսը: Բացի այդ, որքան երկար է լավ սնվելու ընթացքը, այնքան երկար պետք է լինի բեռնաթափումը:
«Գոնե հունվարի 4-ից, 5-ից, 6-ից պետք է սկսել: Կամ կարելի է հունվարի 2-ից հետո մեկ օր դադար տալ, անել բեռնաթափման օր, ապա նորից շարունակել»,-ասում է նա` հիշեցնելով, որ հայաստանցիների շրջանում լավ սնվելը սկսվում է դեկտեմբերի 25-ից, երբ մեկնարկում են կորպորատիվները:
Բեռնաթափման առաջին կարևոր խնդիրը ածխաջրեր պարունակող` մասնավորապես ալրային հենքով սնունդի սահմանափակումն է: Պիպոյանը նկատում է, որ հայաստանցիները հետտոնական օրերին սեղանները հավաքելուց հետո սեղանին պահում են չարազեղենը, կոնֆետները, թխվածքները:
«Մենք շատ ժամանակ առանց գիտակցելու, որ այդ մթերքները մեծ կալորիականություն ունեն, ռեֆլեքսորեն ուտում ենք: Չարազեղենը շատ օգտակոր է, սակայն այն բարձր կալորիականություն ունի, հատկապես երբ այն զուգորդում ենք չամիչի հետ: Հիշեցնեմ, չամիչը շատ շաքար է պարունակում»,-բացատրում է նա:
Դրանց փոխարեն պետք է շատ օգտագործել կանաչեղեն, կանաչիներից պատրաստված ու ցածր կալորիականություն ունեցող աղցաններ` օրինակ, ավելուկով, հազարով: Նա նկատել է, որ երևանյան ռեստորաններում էլ արդեն նման մշակույթ կա:
«Դրանք պարունակում են չլուծվող թաղանթանյութ, իսկ դա բացի այն, որ աղիների համար ունի շատ կարևոր նշանակություն, նաև քիչ կալորիաներ է պարունակում»,-ասում է սննդագետը:
Նա խորհուրդ է տալիս, քնելուց 5-6 ժամ առաջ չսնվել, իսկ երեկոյան ժամերին տոքսիկացիոն երևույթներից խուսափելու համար ուտել հայկական ավանդական սպասը, ինչպես նաև կեֆիր:
Աղիների բեռնաթափման համար սննդագետը խորհուրդ է տալիս օգտագործել նաև ցիտրուսային մրգեր, կիվի:
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ. Ինչպես սնվել ամանորին չգիրանալու համար
- Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
- Սննդագետը քաղաքացիներին հորդորում է միս առնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնել հոտին