«Աջ ղեկ» նախաձեռնությունը հարցեր է ուղղում Կառավարությանը
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հունվարի 8-ին կրկին բողոքի ակցիայի դուրս եկան Կառավարության շենքի առջև: Նրանց պահանջը աջ ղեկի արգելքի վերացումն էր: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ աջ ղեկով մեքենաները հարմար են կին վարորդների համար:
«Կանայք աջ ղեկ են քշում, հիմա ուզում եք՝ կինը ձախ ղեկ քշի՞: Ես թույլ չեմ տա՝ իմ կինը ձախ ռուլ նստի: Կին է, տեղ է գնում գեղեցիկ, կարճ զգեստով: Նա պիտի իջնի փողոցի բանուկ մասում, դուռը բացում է, չի կարող այդ աստիճան ուշադիր լինել: Մինչև իջնի, բանուկ մասի բոլոր ձախ ղեկի վարորդները աջ կողմ են նայելու, այստեղից եզրակացություն՝ նոր ավարիաներ են լինելու»,- ասաց նա: Նախաձեռնության անդամներից մեկն արձագանքեց՝ հիմա էլ կասեն՝ կանայք պիտի շալվարով մեքենա վարեն:
Ակցիայի մասնակիցներին հետաքրքրում էր՝ ի՞նչ նպատակ ուներ նախորդ տարի ընդունած օրենքը, որով աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի էժան են մաքսազերծվում, քանի որ դա խթան դարձավ, որ ավելանան աջ ղեկով մեքենաները:
«Մի տարի հետո անվտանգության կանոնները ձեզ ո՞վ ուղարկեց, ախր, մենք բոլորս էլ հասկացող մարդիկ ենք, մենք էլ ենք ինստիտուտ ավարտել, կառավարությունում չենք աշխատում, բայց հասկանում ենք»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամները համոզմունք հայտնեցին, որ վաղը արգելելու են նաև երրորդ երկրից ներմուծումը: Ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ անց երկու խմբի բաժանվեցին, նրանց մի մասը պահանջում էր հանդիպում վարչապետի հետ, մյուս մասը պատրաստակամություն հայտնեց սատարել առաջիններին, սակայն իրենք նման պահանջ չէին դնում, իրենց պահանջը աջ ղեկի արգելքի վերացումն է կամ այնպիսի լուծումը, որի դեպքում աջ ղեկով մեքենաների վարորդները կամ չեն տուժի, կամ հնարավորինս քիչ կտուժեն:
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը, ով հայտնեց, որ Կառավարության որևէ պաշտոնյայի հետ այսօր հանդիպում կազմակերպել հնարավոր չէ, առաջարկեց, որ ակցիայի մասնակիցներն իրենց առաջարկները հիմնավորման տեսքով գրավոր ձևակերպեն և նամակը փոխանցեն իրենց: Նախաձեռնության մասնակիցները պայմանավորվածության եկան, որ վաղը գրավոր կներկայացնեն իրենց պահանջները:
Այս հարցը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված չէ, ուստի Կառավարությունից խոստացան գրավոր առաջարկին արձագանքել մինչև հարցի՝ օրակարգ մտնելը:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրին՝ իրենց գործողությունների հետագա ծրագիրը կախված կլինի Կառավարության պատասխանից:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը
- Աջ ղեկով մեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը
- «Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն
- Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին