Աշոտ Հարությունյան. Այս պահին ձմեռային երաշտի վտանգ չկա
«Ձմեռային երաշտի վտանգ այս պահին չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նա ուրախ է, որ գիշերները գրանցվում է 0-ից ցածր ջերմաստիճան, ցերեկներն էլ շատ տաք չի լինում: Առկա պայմաններում աշնանացանին ցրտահարություն չի սպասվում, երկարամյա տնկիներում հյութաշարժություն չի սկսել:
«Հիմա եթե կտրենք խաղողի որթը, մեջը ջուր կլինի: Եթե ձմեռային երաշտ լինի, հնարավոր է բույսի մեջ եղած խոնավությունը գնա դեպի հողը: Այս դեպքում բույսը կարող է չորանալ ցրտից կամ տաքից, այլև ձմեռային երաշտից: Այս պահի դրությամբ, նորից եմ կրկնում, երաշտի վտանգ չկա»,-բացատրեց գյուղնախարարության ներակայացուցիչը:
Հուսադրող են նաև առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ կանախատեսումները՝ ջերմաստիճանը նվազելու է, հունվարի 13-ից կլինեն տեղումներ:
«Եթե լինի 0-ից ցածր ջերմաստիճան ու տեղումներ, ապա այն կլինի ձյան տեսքով: Եթե լինի ձյան կայուն շերտ, նշանակում է, որ աշնանացանի ցրտահարության վտանգ չի լինի, իսկ բազմամայա տնկարկներն էլ չեն բողբոջի»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, հանրապետության տարածքում հնարավոր է լինեն հատուկենտ ծառեր, որոնք բողբոջել են, ընդհանուր առմամբ բողբոջած ծառեր չկան:
Վտանգ չի սպառնում նաև մեղուներին: Նախարարության հորդորները տեղ են հասել: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի կուտակման հնարավոր դժվարություններին, ապա Ա. Հարությունյանի խոսքով, այս պահին հողի սահմանային խոնավությունը կա:
«Ֆիքսենք, որ այս պահին ինչ կա՝ դրական է: Անասնակերի խնայողություն է կատարվում, քանի որ ոչխարները դրսում են արածում, ջերմատները հեշտ են տաքացվում, ինչն էլ բերում է կուլտուրաների ցածչ ինքնարժեքի, գյուղացիներն էլ վառելիքը քիչ են օգտագործում»,-թվարկեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը մեղվաբույծներին հորդորում է ուշադիր լինել
- Փոխնախարար. Մինչ այս պահը տաք եղանակը դրական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության վրա