Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
Իրանում ցույցերը սկսվեցին սոցիալական բողոքով, թանկացումների դեմ դժգոհություններով, ապա ցուցարարների կոչերն աստիճանաբար ուղղվեցին կառավարության դեմ: Հետագայում կոչերը վերաճեցին ընդհուպ իշխանափոխության պահանջի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ հիշեցնելով, որ ցույցեր կազմակերպելու հիմնական կոչերը հնչում էին Ինստագրամում և Տելեգրամում, որոնք հարևան երկրում ժամանակավորպես փակվեցին:
Բանախոսը հիշեցրեց, որ ըստ իրանական լրատվամիջոցների՝ բողոքի ցույցերն ի սկզբանե հրահրվել են դրսից, մասնավորապես ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից:
«Կա նաև տեսակետ, որ ի դեմս իրանական ցույցերի՝ գործ ունենք ներքաղաքական խնդիրների հետ՝ մասնավորապես բարփոխիչների և պահպանողականների միջև: Որոշակի խնդիրներ կան նաև Իրանի կրոնական առաջնորդի և կառավարության միջև: Տարբերակներից մյուսն էլ կապված է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անվան հետ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին ակնարկել էր վերջինիս՝ բողոքի ցույցերի կազմակերպման հետ հնարավոր կապերի մասին»,- ասաց իրանագետը:
Արտյոմ Տոնոյանը միաժամանակ հայտնեց, որ ցույցերի ընթացքում սպանվել է 21, ձերբակալվել 1500-2000 մարդ: Նրանց մի մասն արդեն իսկ ազատ է արձակվել:
Իրանագետի խոսքով, համեմատականներ տանելով Իրանում տեղի ունեցած նախկին և վերջին ցույցերի միջև՝ վերջին ցույցերն իրենց չափերով համեմատելի են 2009 թվականի ցույցերին՝ նախագահական ընտրություններից հետո:
«Եթե նախկինում ցույցերին մասնակցում էր գլխավորապես ուսյալ զանգվածը, այժմյան ցույցերում ներգրաված է առավելապես աղքատ խավը: Սա ցույց է տալիս, որ սոցիալական բողոքն Իրանում բավական սրված վիճակում է: Իհարկե, բողոքի ալիքն արդեն մարել է, սակայն կատարվածը պետք է լրջորեն մտահոգի Իրանի իշխանություններին»,- համոզմունք հայտնեց Արտյոմ Տոնոյանը:
Բանախոսը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Իրանում ցանկացած անկայուն իրավիճակ կարող է իր ուղղակի ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա, այդ է պատճառը, որ մեզ մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան: «Թուլացած Իրանը ձեռնտու չէ նաև Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանում առկա իրավիճակը ՀՀ ազգային անվտանգությանն այս պահին իրական վտանգ չի ներկայացնում»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ միշտ Իրանի հետ է. Թևան Պողոսյան
- Արմեն Իսրայելյան. Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է
- Ադրբեջանը կարող է օգտվել իրանական խառնաշփոթից և Արցախում պատերազմ սանձազերծել. թուրքագետ
- Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերը չեն հաստատվել
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանի բողոքի ցույցերի վրա չափազանց մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական մեդիան. իրանագետ
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է