Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն
Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնել է Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում Ֆորը 7-րդ գործադիր տնօրենն է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:
«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», - նշել է Ֆորը։
Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։
Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան