Մարուքյանը գրություններ է ուղարկել վարչապետին ու Շաբոյանին
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդիրը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխանցմամբ, հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից մի ընկերություն ստացել է առավելություն մյուսների նկատմամբ և իր գործունեությունն այժմ իրականացնում է անցակետի տարածքում։ Այսպիսով խախտվել են հավասարության և ազատ տնտեսական մրցակցության սկզբունքները, ինչպես նաև այդ 40 ապահովագրողների իրավունքները։
Վարչապետին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել ՊԵԿ-ի նախագահին՝ սեղմ ժամկետում լուծել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից արդարացիորեն բարձրացված խնդիրը՝ մաքսակետի տարածքից հանելով «Թոփ-Սփին» ՍՊ ընկերության գրասենյակն ու նրան վարձակալության համար տարածք տրամադրելով այլ ապահովագրական ընկերությունների հետ հավասար պայմաններով և միևնույն վայրում։
«ՏՄՊՊՀ նախագահին իմ կողմից առաջարկվել է իրականացնել հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունները՝ հարուցել վարչական վարույթ, իրականացնել ուսումնասիրություն՝ Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդրին արդարացի լուծում տալու համար»,-նշել է նա: