Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ. Սերգեյ Փարաջանով
«Պետք էր անել ամեն ինչ՝ չկորցնելու համար կյանքիս 15 տարիները: Ես կարող էի ինչ-որ կերպ անմահության հասնել, բայց լավագույնը, ինչ կարելի էր ստեղծել աշխարհում, իմ երեք դատավճիռներն են»: Սա հատված է 20-րդ դարի մեծանուն հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի՝ 1988 թ. փարիզյան հարցազրույցից:
Սերգեյ Փարաջանովը՝ ուկրաինական ազգայնական կոչերի համար ռուսական բանտում հայտնված մեծանուն հայ կինոռեժիսորն ու սցենարիստը, ծնվել է 1924 թ. հունվարի 9-ին՝ Թբիլիսիում՝ Հովսեփ Փարաջանովի և Սիրան Բեժանովայի ընտանիքում: Ապագա ռեժիսորը երաժշտական կրթություն է ստացել Թիֆլիսի Կոնսերվատորիայում՝ վոկալ ու ջութակի բաժիններում: Նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Փարաջանովի դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է:
1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների:
1966 թ. Փարաջանովին հրավիրել են՝ աշխատելու «Հայֆիլմ» ստուդիայում: 1967 թ. նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969 թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
1983–88 թթ-ին Փարաջանովն աշխատել է Վրացֆիլմում: Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992 թ.): Փարաջանովը նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր», երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, 1957 թ.): Փարաջանովն իր մի քանի և այլ ռեժիսորների կինոնկարների սցենարիստն է («էտյուդ Վռուբելի մասին», 1989 թ., «Կարապի լիճ: Զոնա», 1990 թ.):
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:
Հարցազրույցներից մեկում Փարաջանովը խոստովանել է՝ երբեք չհարմարվեց իշխանություններին: Իր սիրելի գրքերից խոսելիս՝ կատակում է. «Ես իմ կյանքի ընթացքում երկու գիրք եմ կարդացել՝ «Չոփչոփիկ»-ն և «Քեռի Ստյոպա»-ն: «Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ: Ինձ դա դուր չի գալիս: Ես անհանգիստ եմ»,- նշում է նա:
2017-ին Փարիզում լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով` ռեժիսոր, խռովարար և նահատակ» հոդվածների ժողովածուն, որի հեղինակը նշում է. «Դժվար է քեզ հայ զգալ, այդ իսկ պատճառով Փարաջանովի 4 գեղարվեստական ֆիլմերը՝ ստեղծված 1964-1988 թթ., պատմում են դժվար պատմություններ, որոնք տեղի են ունենում կամ Հայաստանում և Վրաստանում, կամ Կարպատներում՝ կապելով կրոններ և տարբեր ավանդույթներ, բայց միշտ պահպանելով պատմական ավանդույթները: Նրա ֆիլմերը պատմություններ են, որոնք դիպչում են սրտերում և հոգիներում խորը արմատներ գցած զգացմունքներին»:
Փարաջանովի ֆիլմը, ինչպես և Ֆելլինիինը, համաշխարհային կինոյի մեծագույն պատմություններից է:
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ավանդականի պես այցելել են Պանթեոն, ապա ընկերների և մտերիմների հետ թանգարանում նշել են մեծանուն կինոռեժիսորի ծննդյան օրը:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը
- Փարաջանովի անունով փողոց Կիևում
- Ստամբուլում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի թանգարանին
- Հարվարդի համալսարանը Փարաջանովի երկու ֆիլմ ընդգրկել է պարտադիր դիտման համար նախատեսված կինոների ցուցակում
- «Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց». Սերգեյ Փարաջանով (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան