Պատերազմ կանխատեսելը դժվար է, բայց սահմանին սրացումներ կլինեն. քաղաքագետ
Նախորդ տարում Հայաստանի կյանքում կարևորությամբ առաջին իրադարձությունը Ղարաբաղի հյուսիսային ճանապարհի շինարարության ավարտն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհը ռազմավարական, ռազմական կարևոր նշանակություն ունի: Երկրորդ կարևոր իրադարձությունն, ըստ նրա, Մեղրիում ազատ գոտու բացման գործընթացն է: Այդ գոտու գործարկումը Հայաստանի դերը աշխարհատնտեսական գործընթացներում կփոխի:
Քաղաքագետի գնահատմամբ՝ խոշոր իրադարձություններից վերջինը ԵՄ հետ համաձայնության ստորագրումն է: Իսկանդարյանը ևս մեկ աննախադեպ իրադարձություն մատնանշեց. 2017-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժերը չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները:
Քաղաքագետը կարևորեց այն, որ լուրջ սրացումներ չեղան՝ թե հայ-ադրբեջանական, թե արցախա-ադրբեջանական սահմանին, այսօր սահմանին 2013 թ.-ի վիճակն է: 2018-ից քաղաքագետը հրաշալի և սարսափելի ոչինչ չի սպասում:
Նա անհիմն է համարում լրատվական շրջանակներում պատերազմի հավանականության մասին խոսակցությունները: Իսկանդարյանի խոսքով՝ իրական լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Նա հիմքեր չի տեսնում բանակցային գործընթացի առաջընթացի համար, սակայն կարծում է՝ պատերազմ ևս դժվար է կանխատեսել: Այն, թե ինչ վիճակ կլինի սահմանին, ինչ սրացումներ կլինեն, ըստ Իսկանդարյանի, կախված կլինի թե մեծ տերությունների, թե մեր աշխատանքից, թե Ադրբեջանում ներքին իրավիճակից: Քիչ թե շատ խոշոր սրացումներ, սակայն, հնարավոր են:
Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ սահմանին սրացումները բանախոսը չբացառեց, նրա խոսքով՝ դա փորձված գործիք է, սակայն սրացում կարող է լինել ոչ միայն ընտրությունների ժամանակ, դրանք հարմարեցվում են ինչ-ինչ այցերի հետ, տնտեսական վիճակի դինամիկայի հետ: Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի իշխանությունների համար ԼՂ հարցը գործիք է, ուստի ոչ թե՝ պետք է ակնկալել, այլ՝ անպայման սրացում կլինի, հարց է՝ ինչ չափի, որքանով կկարողանանք դրանք սահմանափակել:
Իսկանդարյանը, խոսելով այս տարվանից ակնկալիքներից, չբացառեց, որ Հայաստանին տրվի մանդատ՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի բանակցությունները սկսելու:
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից քաղաքագետը ակնկալիքներ չունի, նրա խոսքով՝ ԼՂ հարցը այն փուլում չէ, որ ինչ-որ փոփոխություններ ակնկալվեն, հանդիպման թեմաները ԼՂ խնդրի կարգավորմանը չեն վերաբերում, բոլոր հարցերը անվտանգության մասին են, Մինսկի խումբը վաղուց չի զբաղվում հակամարտության կարգավորմամբ, օրակարգում անվտանգության խնդիրն է:
Իրանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քաղաքագետը խուսափեց գնահատական հայտնել՝ նշելով, որ մասնագետ չէ, այլ մարդ, ով հետևում է իրադարձություններին, սակայն նշեց՝ Իրանում անկայունությունը Հայաստանի համար սպառնալիք է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան