Հայ գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 15-ից 21-ը Մոսկվայում կանցկացվի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է:
Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: Նա ասել է նաև, որ Թինայի և Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Իսրայելը ներկայացնող պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մինչև այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել: Վերջնականապես ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՄՕԿ-ը հրապարակի Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից ներկայացված Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակը:
«Օրերս Սլավիկ Հայրապետյանն ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում մասնակցեց FBMA Trophy միջազգային մրցաշարին, որտեղ ընդամենը երկու գեղասահորդ հանդես եկավ: Սլավիկն իր ծրագիրը լավ կատարեց՝ կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկով վաստակելով 208.63 միավոր: Նա գերազանցեց Իռլանդիան ներկայացնող իր միակ մրցակցին: Մրցակցային պայքար, որպես այդպիսին, չստացվեց, բայց մեր մարզիկի համար Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կարևոր էր զգալ սառույցը պաշտոնական իրավիճակում»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։