Թբիլիսիում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը
Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն է արժանացել Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրել է Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրել է պատվոգրով և հանձնել Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Պատվոգրեր են հանձնվել նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում օգոստոսի 3-ին աճուրդում կներկայացվեն Փարաջանովի, Սերովի և այլ վարպետների աշխատանքներ
- Ռուս դերասանը տպավորված է Փարաջանովի թանգարանով և պատրաստ է այնտեղ օրեր անցկացնել
- Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
- Ամերիկացի հայտնի երաժիշտը ներկայացրել է նոր երաժշտություն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները