Կարմելա Պողոսյան. «Մուրացան» հիվանդանոց օրական մինչև 90 հիվանդ է դիմել
Անցած օրերին «Մուրացան»-ի բժիշկներն աշխատել են խիստ ծանրաբեռնված, եղել են օրեր, երբ հիվանդասենյակները քչություն են արել: Հատկապես տոնական օրերին հիվանդանոց դիմող երեխաների թիվն ավելացել է: Օրական մոտ 80-90 հիվանդ է դիմել, նրանցից մի մասին հոսպիտալացրել են, մյուսներին նշանակումներ արել, տուն ուղարկել: Դիմողների 1/3-ը մարզերից են եղել:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կարմելա Պողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա հունվարի 1-10-ն հիվանդներն ավելի շատ էին՝ քան նախորդ տարի: Այսպես, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը դիմել է 1124 հիվանդ, այդ թվում մեծահասակներ: Ամբուլատոր բուժօգնություն է ստացել 892 հիվանդ, ստացիոնար՝ 232-ը:
Հիվանդների թվի ավելացումը մասնագետը մի քանի հանգամանքով է բացատրում. «Նախ բոլորը չէ, որ իմացել են՝ պոլիկլինիկաները աշխատում են, այդ պատճառով շատերը միանգամից հիվանդանոց են դիմել: Բացի դա, այդ օրերին երեխաներն ավելի հաճախ են մարդաշատ վայրերում լինում՝ ամանորյա հանդեսներ, հյուր գնալ, ընդունել: Իսկ նման պայմաններում վարակը շատ արագ տարածվում է»:
Այս պահին հիվանդանոցում սուր շնչառական հիվանդություններով 63 երեխա է բուժվում, թոքաբորբով՝ 62 երեխա: Կան նաև ծանր վիճակում գտնվող փոքրիկներ, բժիշկների աշխատանքի արդյունքում մահվան որևէ դեպք չի գրանցվել:
«Հիվանդությունների նկատմամբ առավել խոցելի են նորածնային տարիքի ու մինչև 3 տարեկան երեխաները: Չորս և դրանից բարձր տարիքի երեխաներն ավելի քիչ են»,-ասաց Կ. Պողոսյանը:
Հետտոնական օրերին էլ հոսքը շարունակվում է, սակայն երեկ ավելի քիչ հիվանդ է դիմել: Գլխավոր բժշկի տեղակալը հույս ունի, որ առաջիկայում նրանց թիվը կպակասի, քանի որ կսկսեն դիմել նաև պոլիկլինիկաներ:
Փոքր երեխա ունեցող ծնողներին մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել հյուր գնալը, ժամանակին դիմել բժշկին. «Եթե երեխան ունի ջերմություն, հազ կամ դժվարաշնչություն, ապա ծնողը չպետք է դիմի տնական միջոցների: Առաջին հերթին պետք է դիմել բուժաշխատողին»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան