Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը նվազել են, վահանաձև քաղցկեղի դեպքերը՝ աճել. Խաչանուշ Հակոբյան
Կանայք սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայ-ամերիկյան կենտրոնն ունեցել է 45 810 այցելու, որոնց համար կատարվել է 55 920 հետազոտություն: Նշվեց նաև, որ կատարվել է կրծքագեղձի 22 823 հետազոտություն. հետազոտված 20 231 կանանցից 800-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Միաժամանակ հետազոտվել է 122 տղամարդ, որոնից 5-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:
Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է հետազոտված յուրաքանչյուր 26-րդ կնոջ մոտ, մինչդեռ նախորդ տարիներին հայտնաբերվում էր յուրաքանչյուր 16-րդ, 20-րդ կնոջ մոտ: «Սա վկայում է այն մասին, որ կանայք ավելի աչալուրջ են դարձել, հաճախ են բժշկի դիմում, ինչի արդյունքում վաղ են հայտնաբերվում հիվանդությունները, որոնք կարող են հետագայում վերածվել քաղցկեղի: Մեզ համար ուրախալի է այս փաստը, քան երբ կինը գալիս է բժշկի մոտ արդեն քաղցկեղով»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Խաչանուշ Հակոբյանը հորդորում է տարին գոնե մեկ անգամ պարտադիր հետազոտվել, որպեսզի խնդիրները վաղ փուլում հայտնաբերեն. «Եթե կինն առողջ է, առողջ է նաև ընտանիքը»:
Անդրադառնալով վահանաձև գեղձի հիվանդություններին՝ կենտրոնի տնօրենն ասաց, որ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը նախորդ տարիների համեմատ աճի միտում ունեն:
Նրա խոսքով՝ այս հիվանդությունը ծածուկ և դանդաղ է ընթանում, մարդիկ չեն էլ մտածում, որ խնդիր ունեն:
«Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցողների մեջ բավականին շատ են երիտասարդները, նույնիսկ մանկահասակ տարիքի երեխաները»,- նշեց նա՝ հավելելով, որ 2017-ին ՀԱԱԿ-ում կատարվել է 2785 վահանաձև գեղձի հետազոտություն: Արդյունքում կատարվել է վահանաձև գեղձի 978 բարակ ասեղային ասպիրացիա, 291 այցելու ստացել է քաղցկեղի ախտորոշում: