Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Էլբֆիլհարմոնիայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) նոր կարգավիճակում հանդես է գալու նոր ծրագրերով, հյուրախաղերով և հետաքրքիր նախաձեռնություններով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կայանալու է մարտի 28-ին Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Էլբֆիլհարմոնիայի (Elbphilharmonie) Մեծ դահլիճում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Էլբֆիլհարմոնիայում ներկայացնելու է հայկական երաժշտություն. երեկոյի առաջին մասում երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, երկրորդ հատվածում հնչելու է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան։ Նշենք, որ համերգի տոմսերը դեռևս 2017թ. դեկտեմբերից վաճառված են։ Թերևս մի քանի տոմս եռակի բարձր արժեքով շրջանառվում է վերավաճառողների մոտ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անվանափոխության արդյունքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն է ստանում նվաճելու նորանոր ու կարևոր հարթակներ՝ աշխարհին բարձր մակարդակով ներկայացնելով հայկական մշակույթն ու կատարողական արվեստը։