Գիրք նվիրելու մշակույթը վերադառնում է
Գիրքը որպես նվեր ընտրելու մշակույթը զարգանում է Հայաստանում։ Սրա մասին է վկայում տոնական օրերին վաճառված գրքերի քանակը։ Panorama.am-ի հետ զրույցում Երևանի գրախանութների աշխատակիցներն ընդգծեցին՝ անքննելի է, որ գրքի նկատմամբ հետաքրքությունը մեծանում է։
«Նախատոնական օրերին գրքի վաճառքի աշխուժությունն ակնհայտ էր։ Որպես նվեր ավելի շատ գնել են մանկական գրքեր»,- մեզ հետ զրույցում նշեց «Բուկինիստ» գրախանութի PR-մենեջեր Անի Ղազարյանը։
Նա նշեց, որ ընդհանրապես ավելացել է հայերեն լեզվով գրքերի վաճառքը, ինչը վերաբերում է թե թարգմանություններին, թե հայ հեղինակներին։
«Հինգ տարի առաջ ավելի շատ գնում էին ռուսերեն լեզվով գրքեր»,- ասաց մեր զրուցակիցը։
Գրախանութի աշխատակիցը տեղեկացրեց, որ տոնական օրերին նոն ֆիքշն՝ ոչ գեղարվեստական գրքերից ամենավաճառվածներն են՝ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ» գրքերը։
«Բուկինիստ»-ում գեղարվեստական գրքերից ամենավաճառվածն են Նարինե Աբգարյանի «Մանյունյան», Մարկ Արենի «Վայրի վարդերը», որոնց տպաքանակն այդ օրերին ամբողջությամբ սպառվել է, իսկ երրորդ ամենավաճառվածը Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է եղել։
Panorama.am-ի հետ զրույցում «Զանգակ» գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը ևս նշեց, որ տոներին հիմնականում մանկական գրքեր են վաճառվել։
«Ամենաշատը գնել են Հադսոն Բառնեթի «Խորհրդավոր պարտեզը», Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը», Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարանը», ավելի թարմ թարգմանվածներից՝ Հարի Փոթերի փաթեթը,- ասաց Արմեն Գասպարյանը։
Էդիթ Պրինտ հրատարակչությունից էլ տեղեկացրեցին, որ իրենց թարգմանությամբ գրքերից ընթերցողներն առավել շատ գնել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն, դրան հաջորդել է «100 բիզնես գաղտնիքներն» ու Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը։ Բեսթսելլերների շարքում է հայտնվել նաև «Աննա Ֆրանկի օրագիրը», «Դորիան Գրեյի դիմանկարն» ու «Երեք ընկերը» գրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի՝ 2018-ին հայ ընթերցողների դատին հանձնվող գրքերը
- «Աշխարհի իմաստուն հեքիաթները»՝ ձեզ համար
- Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն
- Հայերեն է թարգմանվել «Աննա Ֆրանկի օրագիրը»
- Հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին են հանձնվելու Էքզյուպերիի բոլոր ստեղծագործությունները
- «Գրքասեր»-ում արդեն հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին