Իրանում դժգոհությունն այն աստիճանի չէ, որ հնարավոր լինի օգտագործել հեղաշջում անելու համար. իրանագետ
Ակնհայտ է, որ Իրանում հակակառավարական ցույցերի լուսաբանման ժամանակ տեղի է ունեցել զգալի ուռճացում։ Ըստ էության՝ հայաստանյան ԶԼՄ-ներն օգտվել են արևմտյան լրատվամիջոցներից, ինչի արդյունքում թյուրընկալում է տեղի ունեցել Իրանում տեղի ունեցած դեպքերի իրական ընթացքի վերաբերյալ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հիշեցնելով, որ ինքը դեկտեմբերի 29-ից Իրանում է եղել և Հաաստան է վերադարձել միայն երեկ։
«Անշուշտ, Իրանում որոշակի ցույցեր տեղի են ունեցել, որոնք սկսվել էին տնտեսական պահանջների պատրվակով։ Բայց հետագայում փորձ է կատարվել դրանց քաղաքական բնույթ հաղորդել։ Տեխնոլոգիական հնարքները, որոնք կիրառվել են այդ ցույցերը քաղաքականացնելու համար, գործի են դրվել հիմնականում սոցցանցերի միջոցով։ Հատկապես Տելեգրամ սոցիալական ցանցի միջոցով տեղի է ունեցել ոչ միայն ցուցարարների որոշակի համակարգում, այլ նաև իրադարձությունների ուռճացում և ապատեղեկատվության տարածում՝ հիմնականում երիտասարդների շրջանում»,- նշեց իրանագետը։
Վարդան Ոսկանյանի խոսքով, ապատեղեկատվության տարածում տեղի է ունեցել ոչ միայն սոցցանցերի, այլ նաև BBC-ի իրանական ծառայության և արևմտյան այլ լրատվամիջոցների կողմից։
«Այն տեղերում, որտեղ եղել եմ այցիս ընթացքում, ցույցերը աննկատ էին, ոչ բազմամարդ։ Դրանք տեղի էին ունենում 1-2 ժամ տևողությամբ, ինչից հետո ցուցարարները ցրվում էին։ Ցույցերին ագրեսիվ բնույթ հաղորդելու հիմնական նպատակը Իրանի իշխանություններից կոշտ աձագանք ստանալն էր։ Այլ խոսքով, ցույցերը բիրտ միջոցներով ճնշելը հնարավորություն կտար հետագայում լծակներ բանեցնել Իրանի վրա։ Սակայն Իրանի իշխանությունները չափազանց խելամիտ վարվեցին։
Իրանական ոստիկանությունն ու անվտանգային մյուս կառույցները բիրտ ուժ չկիրառեցին այն ցուցարարների նկատմամբ, ովքեր իրավախախտումներ չէին կատարել։ Այս առումով, եղել է ոչ թե ցույցերի ճնշում, այլ զուտ կանխարգելում»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի համոզմամբ, ԻՊ-ի դեմ պայքարից և տարած հաղթանակից հետո Իրանի դիրքերի ամրացումը դուր չի գալիս ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իրանի տարածաշրջանային ախոյաններին՝ Իսրայելին և Սաուդյան Արաբիային։
Անդրադառնալով առաջին անհրաժեշտության իրերի թանկացման թեմային՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ թանկացումներ իսկապես եղել են, սակայն երկրում սոցիալ-տնտեսակն ընդհանուր վիճակը բավականին բարվոք է, ավելի բարվոք, քան ԱՊՀ ամենազարգաց երկրներում։
«Թանկացումներ, ճիշտ է, եղել են, բայց հասարակության դժգոհությունն այն աստիճանի չէ, որ հնարավոր լինի օգտագործել հեղաշջում անելու համար»,- ամփոփեց Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ
- Գ. Իսկանդարյան. Ցնցումներով լի Իրանը չի բխում Հայաստանի շահերից
- Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
- Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ միշտ Իրանի հետ է. Թևան Պողոսյան
- Իրանում վերջին անկարգությունները դատապարտող խաղաղ ցույցեր են անցկացվել
- Իրանում զանգվածային ցույցերը շարունակվում են
- Իրանում ներքաղաքական վիճակը լարված է