Կուզեի, որ տրամվայներ լինեին Երևանում. Սամվել Սևադա
Փոքրիկ Հայաստանում մշակութային կյանքը հագեցած է՝ ի հեճուկս դժգոհությունների, թե մշակութային կյանք չկա, մշակույթ չկա: Panorama.am-ի հետ զրույցում, գնահատելով անցնող տարին ու խոսելով այս տարվանից իր սպասելիքների մասին՝ նշեց գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան:
«Մենք շատ ենք սևացնում, ասում ենք, որ մշակութային կյանք չկա, մշակութային գործիչները լավը չեն, հազար ու մի տեսակի բաներ, բայց այդպես չէ, հիմա հանրապետությունը դժվար ժամանակներ է ապրում, ճիշտ է, բայց մշակութային գործիչները աշխատում են: Լավ գործեր են արվում, լավ համերգներ եղան այս տարի, լավ ներկայացումներ, ցուցահանդեսներ՝ դրսում, ներսում, ամեն ինչ լավ էր»,- ասաց նա:
Գեղանկարիչը նշեց, որ տարին լավն էր նաև իր համար. ուսանողների հետ մի ցուցահանդես են կազմակերպել քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում, այն հաջող է անցել, հիմա պատրաստվում են իր աշակերտների ցուցահանդեսին, ինչպես նաև իր անհատական, ինչ-որ առումով՝ հաշվետու ցուցահանդեսին: Միակ վատ բանն, ըստ գեղանկարչի, այն է, որ ժամանակը շատ արագ է գնում, սլանում է, որի համար ինքն ափսոսում է:
Սևադան նորմալ է վերաբերվում տարեցտարի Երևանի փոփոխվելուն, նշում է՝ ժամանակն անցնում է, մարդիկ փոխվում են, քաղաքն էլ է փոխվում:
«20 տարի առաջ այսպես չէր այս քաղաքը, 50 տարի առաջ առավել ևս տարբեր էր, ամենից վատ բանը որ եղել է, այն է, որ տրամվայները վերացել են: Շատ կուզեի, որ տրամվայներ լինեին Երևանում, զնգզնգալով գնային, բայց հիմա մի վատ բան էլ է եղել, որ մեքենաներն են շատացել, շատ են շատացել, դա շատ վատ բան է: Այդ իմաստով շատ բացասական է. քաղաքը մի տեսակ շնչահեղձ է լինում և ծխերից, և ավտոների առատությունից, մի տեսակ՝ վատ բան է ստացվել, ես չէի ուզի՝ դա այդպես լիներ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, հիմա այդ իմաստով չափն անցած է, էլի, և գնալով վատանում է վիճակը, դա էլ ազդում է քաղաքի արտաքին տեսքի վրա, որովհետև մարդ չի ուզում կենտրոն գնալ»,- ասաց նա:
Ինքը՝ գեղանկարիչն էլ խուսափում է մեքենայով իջնել քաղաքի կենտրոնական մասեր: Նրա խոսքով՝ կան նաև շատ դրական փոփոխություններ՝ լավ ռեստորաններ, ժամանցի վայրեր, թատրոնները շնչում են, աշխատում, ցուցահանդեսներ կան, միակ հարցն այն է, որ մշակութային օբյեկտների տեղակայման վայրը՝ քաղաքի կենտրոնական հատվածը, գերհագեցած է:
Այս տարի իր սպասելիքներից նա առանձնացրեց իր անհատական ցուցահանդեսը, որ մի տեսակ հաշվետվություն է, նման ցուցահանդես մեկ տասը տարի առաջ է արել, մեկ էլ հիմա: Իր ուսանողների ցուցահանդեսի համար պայմանավորվածություններ ունի ՄԱԿ գրասենյակի հետ, Գյումրիի քաղաքապետարանի հետ, Վանաձորում նույնպես, բացի այդ՝ գարնանը ՀայԱրտ կենտրոնում կբացվի իր աշակերտների ցուցահանդեսը: Իսկ տարվանից ամենամեծ ակնկալիքը խաղաղ երկինքն է:
«Առաջին հերթին ուզում եմ՝ խաղաղություն լինի երկրում, բնականաբար՝ այդ եմ երազում, սպասում, մշակութային կյանքն իր հունով գնում է: Որքան էլ տարբեր բաներ ցանկանամ, միևնույն է՝ կյանքն իր հունով գնալու է: Միայն երազում եմ, որ երկիրը խաղաղ լինի, ես էլ առողջ: Այդքան բան»,- ասաց նա: