Ալիևյան պրոպագանդան սկսում է նոր տարին՝ նոր փայլատակումներով
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2017թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին: Նախագահ Ալիևը հանդես է եկել ծավալուն ներածական ելույթով, որում խոսել է Ադրբեջանի ձեռքբերումների, տնտեսության դրական միտումների մասին, ներկայացրել է վիճակագրական տվյալներ, հղում կատարել որոշ միջազգային հեղինակավոր ինդեքսների:
Կարճ ասած, ամեն ինչ հիանալի է Ադրբեջանում, և այս ամենը, ըստ Ալիևի, շնորհիվ «կայունության», որն իր կառավարմամբ ապահովում է երկրում: Ալիևի պատկերացրած նույն կայունության շնորհիվ է, որ Ադրբեջանը Freedom House ինդեքսով համարվում է ոչ ժողովրդավարական երկիր, մամուլի ազատության ցուցիչով զբաղեցնում է 162-րդ տեղը 180 երկրից, կոռուպցիայի ընկալման ինդեքսով` 123-րդը 176 երկրից: Այս շարքը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով` միայն նշելով, որ ադրբեջանական պետության ինստիտուտների որակի մասին ամենախոսուն վկայությունները միջազգային կոռուպցիոն սկանդալներում Ադրբեջանի լայնամասշտաբ ներգրավվածությունն է:
Ադրբեջանի նախագահն իր ելույթում, բնականաբար, անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին` մասամբ կրկնելով այս տարվա ամանորյա ուղերձում բարձրացված թեզերը: Չանդրառնանք ավանդական, ուռա-հայրենասիրական կոչերին ու ռազմատենչ ռևանշիզմին, որոնք արդեն դարձել են նախագահ Ալիևի հռետորաբանության անբաժան մասը:
Երկու ելույթներում էլ աչքի է զարնում այն, որ հարևան երկրի ավտորիտար առաջնորդը դժվարություններ ունի ուղիղ ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկի` հանրաքվեների հետ: Ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների անքակտելի իրավունքը ժողովրդավարության հիմքն է: Ժողովուրդն է որոշում ինչպես ապրել, ում իշխանության տակ և ինչ պայմաններով:
Սա է աքսիոմը, ոչ թե թվացյալ կայունություն ապահովելու պատրվակով սեփական ժողովրդին ճնշելու ադրբեջանական նախագահի գործելաոճը: Ադրբեջանում մեծ արձագանքներ ունի այն մոտեցումը, որ ինքնորոշման իրավունքը կիրառելի է եղել գաղութատիրության շրջանում: Բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հանրաքվեն՝ որպես ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունավետ մեխանիզմ ներկայումս ևս շարունակվում է լայնորեն կիրառվել:
Թե հանրաքվեն ինչ արդյունք կունենա, դա հարցի մյուս կողմն է, բայց կարևորն այն է, որ դրա միջոցով հնարավոր է արդյունավետ ու երկարատև լուծումներ գտնել: Մյուս թեզը, որի վրա կցանկանայինք ուշադրություն դարձնել, այն է, որ Ադրբեջանը վերադարձրել է «գրավյալ տարածքներից» ինչ-որ մաս, և այնտեղ վերականգնել է բարեկեցիկ կյանքը: Ադրբեջանական պրոպագանդայի հերթական առասպելի համաձայն` նույն կերպ լինելու է մնացած տարածքների և Ղարաբաղի հետ: Այս առիթով գրքեր են տպվում, ֆիլմեր են նկարահանվում Ադրբեջանում, որտեղ Ալիևը ներկայացվում է որպես հերոս և հայտարարվում է «մեծ վերադարձի» սկիզբը:
Իսկ իրականությունն այն է, որ այսպես կոչված վերադարձված տարածքը ոչ թե խորհրդանշում է ադրբեջանական հաղթանակը, այլ վերջին տարիներին վարած ներքին ու արտաքին քաղաքականության ճգնաժամը, ալիևյան կլանի ձախողումն ու ադրբեջանական մտքի անպտղությունը: Եթե ոչ, ապա ինչպես կարելի է տարիներով խոսել կուտակած զենքի ու մարտունակ բանակի մասին, սոված բնակչությանը սնել հակահայկական ատելությամբ, միլիարդներ ծախսել իշխող էլիտայի մանր ու մեծ քմահաճույքների վրա, և 2017թ.-ին Շիխարխ գյուղը ներկայացնել որպես հայկական «օկուպացիայից» ազատված տարածք ու խոսել դրա վերաբնակեցման մասին:
Վերջերս ադրբեջանական անուն ստացած այդ գյուղը հայկական Մարաղան է, որտեղ 1992թ. ապրիլին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները կազմակերպել էին անզեն գյուղացիների ջարդը: Մարդատյացության հատուկ տաղանդ պետք է ունենալ, որ մարդկության դեմ կատարված հանցագործության արդյունքում ձեռք բերվածը ներկայացնել հաղթանակ: Չենք կասկածում, որ ալիևյան քարոզչամեքենան 2018թ. կշարունակի զարմացնել իր փայլատակումներով, և մենք, ցավոք, դեռ առիթ կունենանք անդրադառնալ դրանց: