ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ դեսպանի վճիռն ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դիմումատուն Հայաստանի նախկին ԱԳ նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, ներկայումս Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է:
Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքարկել էր «փողերի լվացման» գործով իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը:
Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, ողջամիտ ժամկետում դատավարություն) դիմումատուն նշել էր, որ ներքին դատարանները բավարար չափով չեն հիմնավորել իր կալանքը:
ՄԻԵԴ-ն այսօրվա վճռով գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում ու Հայաստանին պարտավորեցրել է Ալեքսանդր Արզումանյանին վճարել 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500 եվրո՝ որպես դատական ծախսեր:
Գործի հանգամանքներում ասվում է, որ Արզումանյանը ձերբակալվել է 2007թ.-ի մայիսին: Դատարանի որոշմամբ Արզումանյանը կալանավորվել է՝ հանցանքի ծանրության, իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու հիմքերով: Կալանքն այնուհետ բազմիցս երկարացվել է նույն հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին՝ մինչև սեպտեմբերին նրա ազատ արձակումը՝ բնակության վայրից չհեռանալու պայմանով:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ համաձայնության գալու ու «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում