Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դեռևս շարունակվում են. պատգամավոր
Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող անտարբեր մնալ և չդատապարտել եզդիների նկատմամբ կատարված այն բոլոր վայրագությունները, որոնք տեղավորվում են «ցեղասպանություն» եզրույթի մեջ ։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ անդրադառնալով ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման խնդրին։
Նա բարձր գնահատեց Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի և իր հեղինակած «Եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների կամ ցեղասպանություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ փաստաթուղթը որակելով պատմական։
«Սա եզդի ժողովրդի նկատմամբ պետության, պետականության վերաբերմունք է։ Շրջանառության մեջ դրված նախագծում կոնկրետ գործողություններ կատարելու առաջարկություններ են արված։ Մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել միանալու այս նախագծի վերաբերյալ հայտարարությանը, որովհետև սա հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի մոտեցումն է»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը։
Պատգամավորը նշեց, որ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ինքն դեմ չէր լինի, եթե 5-րդ գումարման ժամանակ շրջանառության մեջ դրված նախագծերը ավտոմատ կերպով փոխանցվեին 6-րդ գումարման ԱԺ։
«Հյուսիսային Իրաքում քրիստոնյաների և եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները ինչ-որ առումով դեռևս շարունակվում են։ Մինչ օրս եզդի բազմաթիվ կանայք գտնվում են ստրկության մմեջ, ենթարկվում սեռական և աշխատանքային շահագործման։ Այս ամենը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջև»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին շեշտեց, որ այն, ինչ կատարվե․լ է եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ խտրականություն է։ «Եթե քաղաքական մեծամասնության խմբակցությունում կգաք կոնսենսուսի՝ ամրագրելու այն, ինչ միջազգային բազմաթիվ կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն, «Ծառուկյան» խմբակցությունը դա կպաշտպանի»,- ասաց նա։
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց, որ հայ ժողովուրդը, որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, բարոյական և քաղաքական պարտավորվածություն ունի հանդես գալու ցեղասպանությունների դատարպարտման դիրքերից։
Հարակից հրապարակումներ`
- Եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ընդունվեց ԱԺ նիստերի օրակարգ
- ԱԺ-ն հակված է եզդիների ցեղասպանության մասին որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը. Մախմուդյան
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- «Իսլամական պետության» առանձնահատուկ դաժանությունը եզդիների նկատմեմբ. Lenta.ru
- Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. Ս. Սուլթանյան
- Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է քուրդ եզդիների զանգվածային հուղարկավորման վայր
- «Իրաքի եզդիներին բնաջնջման վտանգ չի սպառնում». Ամո Շարոյան
- Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր