Կայացել է շախմատի Հայաստանի առաջնությունների վիճակահանությունը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հանդիպել է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունների մասնակիցներին:
Նա շնորհավորել է շախմատիստներին անցած տոների կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր մրցաշրջանում՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային հարթակում:
«Մեր ազգային առաջնությունը շատ հետաքրքիր մրցաշար է դարձել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային շախմատի հասարակության համար: Բոլորին հաջողություն եմ մաղթում, իսկ հաղթողները թող հետագայում օգտակար լինեն ազգային հավաքականներին»,-ասել է Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:
Առաջնության գլխավոր մրցավարներ Աշոտ Վարդապետյանը և Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ծանոթացրել են առաջնության ընթացակարգին: Երկրի չեմպիոնները կհամալրեն ազգային թիմերի շարքերը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի խոսքով՝ նոր մոտեցումը կսրի ազգային հավաքականում թափուր տեղի համար մրցակցությունը, լրացուցիչ հնարավորություն և մոտիվացիա կտա, այդ թվում երիտասարդ շախմատիստներին.«Առողջ մրցակցությունը միայն օգուտ կբերի հավաքականին»:
Կանանց 73-րդ առաջնությանը (հունվարի 12-20, 9 տուր, առանց հանգստյան օրերի), կմասնակցի տասը շախմատիստուհի: Վիճակահանության արդյունքներով առաջին տուրում միմյանց հետ կխաղան Մարիա Գևորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:
Տղամարդկանց 78-րդ առաջնությանը կմասնակցի 11 շախմատիստ: Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով հունվարի 12-ից 21-ը: Միջին վարկանիշով սա ուժեղագույնն է հայկական շախմատի պատմության մեջ: Չնայած առաջատարների բացակայությանը, մրցաշարի միջին վարկանիշը 2560 է, ինչը նրան տալիս է ՖԻԴԵ-ի 13-րդ կարգ: Մասնակցում է ինը գրոսմայստեր և երկու միջազգային վարպետ: Վերջին երկուսի համար գրոսմայստերական նորմ է սահմանված (10 հնարավորից 5.5 միավոր ): Կենտ թվով մասնակիցների քանակով պայմանավորված յուրաքանչյուր շախմատիստ մեկ օր կհնագստանա:
Առաջին տուրում կհանդիպեն. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան:
Տիգրան Հարությունյանն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան