Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում մտնել Մխիթարյանի ու Մոուրինյոյի աշխատանքային պրոցեսի մեջ
«Հենրիխ Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին»,-այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, ինքը վերջին անգամ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ շփվել է ազգային հավաքականի՝ վերջին ընկերական հանդիպման ժամանակ:
«Այն ժամանակ դեռ նման լարվածություն, պրոբլեմ չկար: Գիտե՞ք, ինչքան դուք գիտեք, համարյա այդքան էլ ես գիտեմ: Բնականաբար, ես մի քիչ ավելի շատ: Հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ: Առայժմ չեմ ուզում մեկնաբանել, ինչ է եղել, որովհետև ֆոտբոլիստ-մարզիչ հարաբերությունները միշտ էլ կարող են լավանալ, վատանալ: Պետք չի հիմա ագրեսիվ, ակտիվ մտնել նրանց աշխատանքային պրոցեսի մեջ ու խանգարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռ. Հայրապետյանը:
Նրա կարծիքով, այս փուլում պետք է զինվել համբերությամբ: Ֆեդերացիայի նախագահը հավատացրեց, հստակ ոչ մի տեղեկություն չգիտի Մխիթարյանի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխման մասին:
«Աստված մի արասցե, եթե «Մանչեսթր Յունայթեդ»-ում չստացվեց իր խաղը, Հենրիխ Մխիթարյանը աշխարհի ցանկացած լավագույն, բարձրակարգ ակումբում կարող է խաղալ: Նա երբեք չի մնա պահեստայինների նստարանին, հավատացնում եմ ձեզ, որովհետև նա պրոֆեսիոնալ ու աշխատասեր ֆուտբոլիստ է, միշտ իր տեղը կունենա հիմնական կազմում»,-ասաց Հայրապետյանը: