Հայ և ռուս հայտնի գործիչները՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց շարքում
ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2018 թ. նախագահական ընտրություններին մասնակցության մասին հայտարարած ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի 259 վստահված անձանց: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Վստահված անձանց թվում են, մասնավորապես, Ալեքսանդր Մասլյակովը, Միխայիլ Պիոտրովսկին, Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Ուրինը, Վլադիմիր Խոտինենկոն, Նիկոլայ Ցիսկարիձեն, Կարեն Շահնազարովը, Միխայիլ Շմակովը, Լեոնիդ Յակուբովիչը, Անատոլի Կուչերենան, Սերգեյ Կոգոտինը, Դենիս Մայդանովը, Լև Լեշչենկոն, Դիանա Գուրցկայան, Պավել Գուսևը, Եվգենի Պոդդուբնին:
Ավելի վաղ՝ Վլ. Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան տեղեկացրել էր, որ Պուտինի վստահված անձանց թիվը 500-ի կհասնի: Համաձայն ռուսական օրենսդրության՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ նշանակելու:
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2017 թ. դեկտեմբերի 18-ին: Վլ. Պուտինն ինքնառաջադրվել է այս ընտրություններին: