Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում :
Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել է. «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա ընկերս էր: Այն ժամանակ մշտապես թիրախավորվում էր: Խորհուրդ տվեցի դուրս գալ երկրից, սակայն չգնաց ու սպանվեց: Այժմ էլ որոշ մարդիկ, այդ թվում՝ Ջան Դյունդարը (Cumhuriyet ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր-EH), ինչպես նաև ԺԴԿ-ական մի շարք գործիչներ մամուլի կողմից թիրախավորվում են: Գերմանիայից տեղեկություններ ենք ստացել, որ այդ մարդկանց դեմ մահափորձ է իրականացվելու: Տեղեկությունները ստանալուց հետո հայտարարություն եմ արել»:
Աղբյուրը հիշեցնում է, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում: Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:
Հարակից հրապարակումներ`
- Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
- Թուրքիան արգելում է Գերմանիայի քաղաքացի քրդերի և ալևիների մուտքը երկիր
- Թուրքիայի ռազմածովային ուժերում հայ ու ալևի սպաներին համարակալում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին