Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց
Ադրբեջանում դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին։ Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է վերջինիս փաստաբան Նեմաթ Քերիմլին։
Փաստաբանը նշել է, որ դատարանում լրագրողի աջակիցները որպես բողոքի նշան դատավճիռը հայտարարելուց հետո երգել են Ադրբեջանի հիմնը։
Դատախազն առաջարկել էր վերջինիս դատապարտել 8 տարվա ազատազրկման։ Աֆղան Մուխթարլիին դատարանում հայտարարել էր քրեական գործի կեղծման մասին և նշել, որ նրան հետապնդել են Ադրբեջանի իշխող վերնախավի կոռուպցիայի հետաքննության պատճառով։
Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ թե՛ տեղական, և թե՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ծեծել, կապել աչքերը և տեղափոխել Ադրբեջան:
Լրագրողը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կապ ունեն այս ամենում և Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։
«Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-նշել էր վերջինս։
Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ Պետդետպարտամենտը, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ կոչ էին անում նրան անհապաղ ազատ արձակել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան