Սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա. տնտեսագետ
«Հաճախ թանկացումները և գնաճը նույնացվում են, դրանք տարբեր բաներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրա խոսքով, եթե մի քանի ապրանքներ թանկանում են, դա դեռևս չի նշանակում գնաճ է և այն անցել է թույլատրելիության սահմանները։
«Եթե այս գնաճային ցածր մակարդակի ֆոնը համեմատենք մեր տարածաշրջանի երկրներ հետ՝ Հայաստանում պատկերը բավականաչափ տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Իրանը»,-ասաց նա:
Նա մանրամասնեց, որ հարկային օրենսգիրքը ծրագրում էր այն թանկացումները, որոնք եղան բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի, պիրտային խմիչքների և ծխախոտի շուկաներում։
«Հունվարի 1-ից տեղի ունեցած պրոցեսները կարելի է ասել, որ դրված էին հենց հարկային օրենսդրության մեջ։ Այն թվերը, որ տեսնում ենք բենզալցակայանների ցուցանակներին, դա կարելի է ասել այս ակցիզների կիրառման հետևանք է։ Լավ օրից չէ, որ պլանավորել են հարկային այսպիսի օրենսդրություն։ Առաջին հերթին այն պայմանավորված է երկրի բյուջետային իրավիճակից, այն որ 2018-20 թվականներին երկրի պետական պարտքի սպասարկման տեսանկյունից լինելու է չափազանց ծանր, գաղտնիք չէ։ Մյուս հանգամանքն էլ ռազմական ծախսերն են, որոնք գնաճի դասական բեռ են, որտեղ ավելացված արժեք չի ստեղծվում, բայց մենք հարկադրված ենք գնալու ռազմական ծախսերի ավելացման։ Մյուս պայմանը սոցիալական բլոկն է, որտեղ պետք է պահել կայունությունը»,- ներկայացրեց տնտեսագետը։
Թե ինչպես են ազդելու այս թանկացումները սպառողական զամբյուղի վրա և գնաճի վրա ընդհանրապես, Ատոմ Մարգարյանն ասաց, որ այդպիսի գնահատականներ տվել է ԿԲ-ն, որի համաձայն, օրինակ՝ սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա, իսկ դիզվառելիքի թանկացման ազդեցությունը մեծ կլինի գյուղատնտեսության ոլորտի վրա։
«Իհարկե կարճաժամկետ ազդեցություններն այդքան էական չեն, բայց ինչպիսին կլինեն երկարաժամկետ ազդեցությունները, ժամանակի ընթացքում կերևա։ Այս պահի դրությամբ նույնպես լուրջ ճնշումներ տրանսպորտային սակագների վրա չպետք է տեսնել։ Երբ գազի սակագինն իջեցվեց, գիտեք, տրանսպորտային ընկերությունները չիջեցրին սակագները, պահեցին բարձր, որոշ երթուղայիններ կամ միջքաղաքային գծեր այսօր բարձրացրել են, բայց պաշտոնյաներն ասում են, որ այդպես է եղել լիցենզիայով, ուղղակի ցածր սակագնուվ են աշխատել, այժմ գալիս են իրենց լիցենզիայի տիրույթ, օրինակ՝ Հրազդան-Երևան երթուղին»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ կոնկրետ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների պարագայում, երբ որ ակցիզային հարկը բարձրացվում է, սպառումը որոշակի չափով կրճատվում է, իսկ բենզինի դիզվառելիքի պարագայում այնպես է արված, որ այլընտրանքը չգործի։
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն՝ ՀՅԴ-ին. Չարաշահումների մասին խոսք անգամ լինել չի կարող
- 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%. ԱՎԾ
- Կօտարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի պահուստները
- 2017թ. դեկտեմբերին գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճ. ԱՎԾ
- Սերժ Սարգսյան. Պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք թանկացման հետևանքները
- ՀՅԴ. Դիզվառելիքի շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին