Կարծում եմ՝ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն․ Գևորգ Գորգիսյան
Եթե թանկացումների դեմ «Ելք»-ի բողոքի երթին քիչ թվով քաղաքացիներ միանան, քաղաքական ուժը չի վհատվի, պարզապես կհասկանա, որ տոներից հետո քչերն են հասցրել գիտակցել՝ ինչ է կատարվում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ թանկացումների բեռը շատերը կսկսեն զգալ Նոր տարվա ավանդական բուդը և մյուս սննդամթերքները վերջնականապես սպառելուց և տարեսկզբին առաջին անգամ խանութ մտնելուց հետո միայն։
««Ելք»-ը, որպես քաղաքական ուժ, իր վրա պատասխանատու բեռ է վերցրել՝ ԱԺ-ում ներկայացնել և պաշտպանել ժողովրդի շահերը։ Ազգային ժողով մտնելու օրվանից մենք դրանով ենք զբաղված։ Իսկ թանկացումների դեմ ակցիան մեր ակցիան չէ, այլ՝ քաղաքացիներինը։ Մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, թանկացումներ են տեղի ունեցել։ Դրանց մի մասը դուք արդեն զգացել եք ձեր մաշկի վրա, և թանկացումների դեմ պետք է պայքարել։ Մենք 9 հոգով ԱԺ-ում փորձեցինք համապատասխան օրենքում փոփոխություններ առաջարկել և անցկացնել, բայց չստացվեց։ Մեծամասնությունը մեզ չլսեց, հիմա բողոքելու քաղաքացիների հերթն է, ժողովուրդը պետք է ինչ-որ ձևով իր դժգոհությունն արտահայտի»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Գորգիսյանի խոսքով, բոլոր արտադրողներն այժմ կանգնած են երկընտրանքի առջև՝ թանկացնել, թե չթանկացնել իրենց ապրանքները։ «Բոլոր գործարարներն այս պահին նման մտորումների առջև են կանգնած»,- ասաց «Ելք»-ի անդամը՝ ընդգծելով, որ հունվարին առաջին աշխատավարձերը ստանալուց հետո թանկացումներից դժգոհողների թիվն եռապատկվելու և քառապատկվելու է։
«Թանկացումների դեմ ակցիան հասարակությանն ուղղված զգոնության կոչ է, իրողությունը փոխելու մեխանիզմ։ Կարծում եմ, որ թանկացումների դեմ բողոքի ցույցերը շարունակական բնույթ կկրեն։ Շատ բան կախված է հունվարի 19-ից, այդ օրը կլինի լակմուսի թուղթ, որից կհասկանանք՝ ժողովուրդն ինչքանով է այս ամենով մտահոգված»,- ամփոփեց Գևորգ Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը միակ ուժն է, որը փորձում է «նստել կառավարության շնչին». Թևան Պողոսյան
- «Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին