Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոնում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շինարարները գիշեր ու ցերեկ աշխատում են, որպեսզի մինչև հունվարի 28-ը շենքը հանձնեն շահագործման:
Նշենք, որ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի բացում նախատեսվում է 2018 թվականի հունվարի 29-ին: Կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու տարբեր տարիներին վիրավորված, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, փորձելու են լուծել նաև նրանց զբաղվածության խնդիրը:
Հայկուհի Մինասյանի խոքերով՝ կենտրոնը համալրվելու է գերժամանակակից սարքավորմներով. «Շուտով թանկարժեք սարքավորումները կբերվեն Հայաստան: Ամեն ինչ արվելու է, որպեսզի զինհաշմանդամները անհրաժեշտ բուժում ստանան Հայաստանում: Կարծում եմ, որ այս կենտրոնի բացումից հետո զինվորներն այլև արտերկիր գնալու կարիք չեն ունենա»:
ՀԿ-ի նախագահը նշեց, որ կենտրոնի ստեղծման գաղափարը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ անհրաժեշտություն էր առաջացել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորների բուժումը կազմակերպել արտերկրում, քանի որ Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները համապատասխան հագեցվածություն չունեն:
«Ապրիլյան պատերազմի օրերին շատերը խոսում էին ողնաշարի, գանգուղեղի վնասվածք ստացած զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելու մասին: Դրսում վերականգնողական կենտրոնում բուժումը բավականին թանկ արժե, իսկ վերականգնողական բուժումն ամիսների հարց չէ, այլ տարիների: Ապրիլյան պատերազմից հետո մասնագետները կամավորական սկզբունքով զինվորական հոսպիտալ գնացին, նրանք սկսեցին աշխատել վիրավոր զինվորների հետ, այնպիսի արդյունքներ գրանցեցին, որոնք շատերի համար զարմանալի էին: Ծրագիր կազմեցինք, ներկայացրեցինք այն ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Արդյունքում, որոշվեց ստեղծել այս կենտրոնը և աջակցել մեր զինհաշմանդամներին»,- ասաց Հայկուհի Մինասյանը:
Նրա խոսքով՝ դաշտային աշխատանքներ են կատարել, որպեսզի գտնեին տարբեր տարիներին վիրավորված զինհաշմանդամներին: «Զինվորներ կային, որոնք տարիներ շարունակում գամված էին անկողնում, սակայն հիմա վերականգողնական բուժումներից հետո արդեն ոտքի են կանգնել: Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի»,- ասաց Հայկուհի Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա 9000 հաշմանդամ, տարեկան 200-300-ով զինհաշմանդամների թիվն ավելանում է:
Վերականգնողական կենտրոնում ստացիոնար բուժում կարող են ստանալ 30-40 զինհաշմանդամ, իսկ ամբուլատոր բուժում՝ ավելի շատ հաշմանդամներ:
Նշենք, որ վերականգնողական բուժումն իրականացվում է անվճար:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին
- Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին. ՀԺ
- Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են ՊՆ ուշադրության կենտրոնում. Վ.Սարգսյան
- Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք է կազմակերպվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան