Ամենայն հավանականությամբ, ընտրության հենց առաջին փուլում կունենանք ՀՀ նոր նախագահ. Վարդան Այվազյան
ՀՀ նախագահի պաշտոնը առաջնային կամ երկրորդային չէ, սահմանված է Սահմանադրությամբ և ունի իր հստակ գործառույթներն ու դերակատարումը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուց հետո նախագահի իրավասություններին։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման կարգին, մեր զրուցակցի խոսքով, ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 139 հոդվածով էլ սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի թեկնածուների անունները հայտնի կդառնան մինչև փետրվարի վերջ, ընտրությունը կնշանակվի մարտին:
«Նախագահի թեկնածուների առաջադրման իրավասությունը պատկանում է ԱԺ խմբակցություններին։ Ընդ որում, եթե Ազգային ժողովի քվեարկության ժամանակ այս կամ այն թեկնածուն համապատասխան ձայների քանակ չի հավաքում, ապա պատգամավորների 1/3-ն իրավունք ունի առաջադրելու այլ թեկնածու։
Քանի որ կա քաղաքական մեծամասնություն, կոալիցիա, ամենայն հավանականությամբ հենց առաջին փուլում մենք կունենանք ՀՀ նախագահ։ Մինչ այդ՝ ՀՀ գործող նախագահն արդեն իսկ սկսել է քաղաքական ուժերի հետ համապատասխան քննարկումները։ Նա փորձում է և կարծում եմ՝ կգտնի համապատասխան տարբերակը, որը բոլորի կողմից ընդունված և հոգեհարազատ կլինի»,- ասաց Վադրան Այվազյանը։
ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրեց, որ եթե երկրի վարչապետը ինչ-որ պատճառով չկարողանա իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ապա նրա գործառույթները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետը, և ոչ՝ ՀՀ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Քվեարկությունը պետք է տեղի ունենա փակ գաղտնի սկզբունքով։ Առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) և ավել ձայն ստացած թեկնածուն:
Հատկանշական է, որ մինչ այս պահը ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները չեն հայտնել ՀՀ նախագահի իրենց թեկնածուի անունը: Իսկ ահա «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ նախագահի իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Բարսեղ Բեգլարյանը կդառնա ՀՀ նախագահ. «Փաստ»
- ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու հեղինակություն, ՀՀԿ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան