Կարևորագույն խնդիր է թաքնված սովի առկայությունը. Վաչե Գաբրիելյան
Հայաստանում թերսնուցման խնդիրները հիմնականում կապված են մինչև 5 տարեկան երեխաների հետ: Հունվարի 15-ին Երևանում հրավիրված քննարկմանը լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ վիճակագրական տվյալներով՝ 2015 թ. Հայաստանում թերսնուցումը մոտ 5 տոկոս էր, գերսնուցումը կամ ճարպակալումը՝ 14 տոկոս:
«Կարևորագույն մի խնդիր կա, որի վրա ցանկացավ ուշադրություն հրավիրել: Կա թաքնված սով՝ երբ մարդիկ ուտում են, սակայն անհրաժեշտ քանակությամբ նյութեր կամ վիտամիններ չեն ստանում: Դա հաճախ կախված չէ հնարավորություններից, այլ կախված է ազգային խոհանոցի առանձնահատկություններից կամ տվյալ մարդկանց դիետիկ սովորույթներից: Մեզ համար կարևոր է, որ հատկապես փոքր երեխաներին կերակրելու տեսակետից դրան մեծ ուշադրություն դարձվի»,- ասաց նա:
Նա հիշեցրեց Կառավարության՝ նախադպրոցական և ցածր տարիքի դպրոցական երեխաների համար դպրոցներում իրականացվող ծրագրերը՝ որոշակի կերակրի տրամադրումը, նշեց, որ սա ուղղված է այդ պակասը լրացնելուն, նշեց՝ կա տաք սննդի պակաս, վիտամինների, երկաթի, ցինկի խնդիր, և այդ խնդիրն է լուծվում այդ կերպ:
«Այս խնդիրը՝ ընդհանուր առմամբ կենսակերպի փոփոխության և մեր ընդհանուր սննդակարգին ուշադրություն դարձնելու, շատ կարևոր է, որովհետև առանց էական խոշոր միջոցների, որոնք ևս պետք է անել, մենք կարող ենք էական բարելավումներ ունենալ նաև այստեղ: Այս ծրագիրը աղքատության մակարդակին որպես այդպիսին անմիջապես ուղղված չէ, որովհետև աղքատության մակարդակի կարևորագույն խնդիրը տնտեսական աճի ապահովումն է»,- ասաց նա:
Գաբրիելյանը ընդգծեց՝ երբ ամփոփեն Կայուն զարգացման ծրագրերը և Հայաստան 2030 ռազմավարական ծրագիրը, այնտեղ կներկայացնեն այս խնդրի վերաբերյալ ամրագրված բոլոր թիրախները:
Փոխվարչապետը նշեց, որ կարևորագույն խնդիրները պարենային ապահովման, սովի և թերսնուցման վերաբերյալ են, և համապատասխան թիրախները կարտացոլվեն այդ փաստաթղթում: Նա ընդգծեց՝ առաջիկայում ակնհայտ առաջընթաց ենք ունենալու, Կառավարության ծրագիրը մոտակա գործունեության ընթացքում 12 տոկոսով աղքատության նվազում է նախատեսում: Անդրադառնալով ալյուրի հարստացման ծրագրին՝ Գաբրիելյանը շեշտեց, որ դա ամբողջովին խոսում է իր ներկայացրած խնդրի հետ:
«Այն վերաբերում է թաքնված սովին, երբ ուտելիք ստանում եք, բայց բավարար հարստացում չկա: Դա ամբողջովին վերաբերում է նպատակին, որ թերսնուցում չլինի: Զեկույցի հեղինակները նշում են, որ հաճախ անգամ ոչ աղքատ ընտանիքները ոչ ճիշտ սննդակարգի պատճառով ստանում են թերսնուցում, ալյուրի հարստացումը հենց այդ նպատակին էր ուղղված»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ծրագիրը կյանքի է կոչվելու, Գաբրիելյանը պատասխանեց, որ հարցը քննարկվում է, ի վերջո՝ քաղաքական գործընթաց է, համապատասխան որոշումներ պետք է ընդունվեն, իրականացվեն, սակայն իր կարծիքով՝ պետք է իրականացվի, սակայն դա կթողնեն հետագա քննարկումներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Գյումրիում մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, իսկ միակ լավ բանը նոր քաղաքապետն է. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա