Հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան
Հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը գոնե մեկ լեռնադահուկորդ կունենա:
«Շատ հաճելի և կարևոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասել է նա:
Գ. Սարգսյանը նշել է, որ հատկապես ուրախացնող է Աշոցքի դահուկորդների հաջող հանդես գալը: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել:
Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին:
ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Հայաստանի ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ և արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:
«Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է»,-ասել է նա:
Ֆեդերացիայի ներկայացուցիչն ակնկալում է մեկ տղայի և մեկ աղջկա մասնակցություն:
«Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը և Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասել է Գագիկ Սարգսյանը:
Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաև Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում Հայաստանից:
«Արտասահմանցի դահուկավազորդները հնարավորությունը բաց չթողեցին վարկանիշային միավորները բարելավելու համար: Նրանք նշեցին, որ պայմաններից շատ գոհ են: Ցանկություն հայտնեցին Հայաստանում կրկին մասնակցելու մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների: Ժամանակին մենք էինք մտածում ուրիշների օգնությանը դիմելու մասին, այսօր արդեն մեզ հետ են ցանկանում մարզվել: Սա խոսում է մեր մեծ առաջընթացի մասին: Շատ զարգացած պետություններ դիմում են մեզ նաև մարզումներ կազմակերպելու համար:
Հաջորդ մեծ ձեռքբերումն Աշոցքն է: Այն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերում է: Փորձելու ենք Աշոցքը դարձնել մրցումային և մարզումային կենտրոն»,- նշել է Գագիկ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան