Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը հայերեն թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունվարի 20-ին տեղի կունենա սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
Հրատարակչությունից հայտնում են, որ «Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից:
Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ:
«Թեև Անտուան դը Սենտ-Էքզյուպերին Հայաստանում հայտնի է «Փոքրիկ իշխան» վիպակով, բայց բազում արժեքավոր գործեր ունի, որոնցից արդեն իսկ հայերեն թարգմանությամբ ընթերցողին ենք ներկայացրել «Մարդկանց երկիր» վեպը: Այս անգամ մենք հայ ըներցողի դատին ենք հանձնում «Գիշերային թռիչք» վիպակը, որը գեղարվեստական առումով չի զիջում հեղինակի մյուս ստեղածագործություններին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Գլխավոր հերոս Ռիվիերի նախատիպը «Աերոպոստալի» տնօրեն Դիդյե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին:
«Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին): Հաջորդիվ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս կտեսնեն Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին» և «Միջնաբերդը» ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին